Լրահոս
Հայաստան
21:10
11.07.22
148

Մեղուների խայթոցների հետևանքով 51-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. վերջինս հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

Img default alt hy

 

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իջևանի բնակիչ, 51-ամյա Սմբատ Գ.-ն էր: 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:30–ի սահմաններում Սմբատ Գ.-ն գտնվել է Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցի սկզբնամասի ձախակողմյան հատվածում գտնվող «Արխաչներ» կոչվող դաշտավայրում,  որտեղ տեղադրված են եղել մեղվի փեթակներ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեղվի փեթակների մոտ բազմաթիվ մեղուներ հարձակվել և խայթել են Սմբատ Գ.-ին, ում այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Կարեն Մ.-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Կոտայքի մարզային  քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ  Երևան-Սևան ավտոճանապարհի  48-րդ կմ դաշտամիջյան  հատվածում տեղադրված են Կարեն Մ.-ին պատկանող մեղվի փեթակները: Այդ օրը՝ վերջինս նշված վայրում նկատել է, որ մեղուները հարձակվել են Սմբատ Գ.-ի վրա, վերջինս Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Մ.-ի մորեղբոր որդին է: 

Մեղուների հարձակման պատճառով Սմբատ Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է,  այդ ժամանակ Կարեն Մ.-ն մեղուների ուղղությունը շեղելով դեպի իր վրա՝ մոտ 200 մետր հեռացրել է մեղուներին, ապա վերադարձել է փեթակների մոտ, որպեսզի Սմբատ Գ.-ին իրեն պատկանող ավտոմեքենայով տեղափոխի հիվանդանոց: 

Կարեն Մ.-ն, մոտենալով նկատել է, որ Սմբատ Գ.-ն նշված վայրում չէ և վերջինիս փնտրելու նպատակով, շուրջ բոլորը չնայելով, նստել է իր ավտոմեքենան, հետընթաց կատարել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար վրաերթի է  ենթարկել  գետնին ընկած Սմբատ Գ.-ին: 

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: