Լրահոս
Հասարակական
19:15
15.06.22
216

Մաստակի օգուտներն ու վնասները. խորհուրդներ ատամնաբույժից

Img default alt hy

Մաստակի՝ օրգանիզմի վրա ունեցած դրական ու բացասական ազդեցության մասին «Aysor.am»-ը զրուցել է ատամնաբույժ Արևիկ Մովսիսյանի հետ.

«Ուտելուց հետո մաստակ ծամելը կարող է մաքրել ձևավորված փառը և վերացնել սննդի փոքր մասնիկները: Այն դեպքերում, երբ ատամի խոզանակ և թել չկա, մաստակը կարող է մասամբ կատարել այդ գործառույթները և ապահովել բերանի խոռոչի նվազագույն հիգիենա: Թքի ավելացումը թույլ է տալիս ոչ միայն վերականգնել թթու-բազային հավասարակշռությունը, այլև ապահովում է սննդի մասնիկների վերացումը»։

Մաստակը մերսող ազդեցություն ունի լնդերի վրա՝ լավացնելով արյան շրջանառությունը։ Այն օգնում է նաև ականջների խցանման և սրտխառնոցի դեպքում՝ նվազագույնի հասցնելով անհարմարությունները։

Ատամնաբույժը նշեց, որ ուտելուց հետո մաստակ ծամելը խթանում է աղիների արտազատական ​​և շարժիչ գործառույթները: Բացի այդ, ստամոքսը ակտիվորեն արտադրում է ստամոքսահյութ և ֆերմենտներ։ Այս գործընթացների համակցումը հանգեցնում է սննդի ավելի լավ մարսողության և նյութափոխանակության գործընթացների արագացման:

Չնայած բավականին մեծ թվով դրական կողմերին, մաստակն ունի նաև բացասական ազդեցություն:

Մաստակի երկարատև ծամումը, հատկապես, եթե դա տեղի է ունենում դատարկ ստամոքսին, կարող է հանգեցնել ստամոքսահյութի ավելորդ արտադրության՝ հրահրելով աղեստամոքսային տրակտի մի շարք լուրջ հիվանդությունների զարգացում:

«Կարող է առաջանալ ծնոտների կապանների և մկանների բնականոն գործունեության խախտում. կապանային ապարատի նման ծանրաբեռնվածության հետևանք կարող է լինել գլխացավը։ Մաստակը կարող է վնասել ատամի էմալը, լցոնման նյութը և օրթոդոնտիկ կառուցվածքները (կամուրջներ, պսակներ և այլն)՝ թուլացնելով դրանք», - ասաց Արևիկ Մովսիսյանը։

Մաստակի հաճախակի և երկարատև ծամումը կարող է հանգեցնել դեմքի համաչափության խախտման՝ մկանների միակողմանի մեծացման պատճառով։ Բացի այդ, հաճախակի ծամելու շարժումները հրահրում են կնճիռների ձևավորում։

Ատամնաբույժը խորհուրդ տվեց մաստակ ծամել ոչ ավելի, քան 5 րոպե և միայն ուտելուց հետո։ Շատ դեպքերում մաստակը չի վերացնում բերանի տհաճ հոտը, այլ միայն քողարկում է այն։ Հոտի պատճառն առավել հաճախ ատամների, ԼՕՌ օրգանների և մարսողական համակարգի հիվանդություններն են։

Մաստակ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ հեղինակավոր արտադրողներին և մեծ ուշադրություն դարձնել արտադրանքի բաղադրությանը։ Մաստակ օգտագործելիս հատուկ խնամք պետք է ցուցաբերեն բերանի խոռոչի և մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ, հղի և կերակրող կանայք, երեխաները: