Լրահոս
Հասարակական
19:50
12.11.25
236

Կարմրաշեն գյուղն է, որը օր օրի դատարկվում է… «Մեր ձևով»

Img default alt hy

«Մեր ձեւով» շարժման երիտասարդական կենտրոնի համակարգող Նարեկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարմրաշեն՝ գյուղ, որի վերջին հույսն էլ է մարում …
Նկարում Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղն է, որը օր օրի դատարկվում է։ Իսկ հենց այս դատարկման ֆոնին արդեն որոշվել է փակել գյուղի միակ կրթական հաստատությունը՝ դպրոցը, որը տարիներ շարունակ կրթել է սերունդներ։
Ցավոք, այսօրվա տվյալներով աշակերտների թիվը 2013 թվականի հետ համեմատ նվազել է 92%-ով՝ 12 տարվա ընթացքում 28 աշակերտից դառնալով ընդամենը 2 աշակերտ։ Հատկանշական է, որ աշակերտների կտրուկ նվազումը սկսվել է 2018 թվականից. 2013-ից մինչև 2018 թվականը թիվը նվազել է 35%-ով՝ 28-ից դառնալով 18, իսկ 2018-ից մինչև 2025 թվականը նվազումը կազմել է 88%-ը՝ 18-ից դառնալով 2 աշակերտ։
Այսօր այնտեղ մնացել են ընդամենը երկու աշակերտ՝ 2-րդ և 10-րդ դասարաններւմ։ Զրուցելով գյուղի բնակիչների հետ՝ պարզ է դառնում, որ հեռանալու հիմնական և գրեթե միակ պատճառը աշխատանքի բացակայությունն է։
«Ջահելները գնում են քաղաք՝ լավ ու բարեկեցիկ կյանք որոնելու, իսկ գյուղի կյանքը օր օրի մահանում է», — պատմում են գյուղացիները։
Այդ երկու աշակերտներին, ըստ ամենայնի, ամեն օր տրվելու է 200 դրամ, որպեսզի կարողանան հասնել հարևան Հերհեր գյուղ՝ կրթությունը շարունակելու համար։ Սակայն Հերհերը գտնվում է մոտ 8 կմ հեռավորության վրա, և ձմռանը հաճախ ճանապարհները փակվում են։ Այդ պայմաններում երեխաները պարզապես զրկվելու են օրենքով իրենց սահմանված կրթության իրավունքից։
Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի գործարաններ կառուցել գյուղում, աշխատատեղեր ստեղծել, մարդկանց հնարավորություն տալ մնալ գյուղում և զարգացնել այն, ոչ թե հասնել այն օրվան, երբ փակեք դպրոցը և մարեք գյուղի վերջին հույսը»,- գրել է նա։