Լրահոս
Միջազգային
16:00
14.06.25
1 124

Իրանի հակաօդային պաշտպանությունը խոցել է իսրայելական ևս մեկ F-35 կործանիչ

Img default alt hy

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը Իսլամական Հանրապետության արևմտյան հատվածում խոցել են Իսրայելի «մեկ այլ F-35 կործանիչ», հայտնում է IRIB Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ 

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի արևմտյան երկնքում հաջողությամբ խոցել են իսրայելական մեկ այլ F-35 կործանիչ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Խոցված ինքնաթիռի օդաչուն ցած է նետվել, նրա ճակատագիրն անհայտ է, հայտնում է IRIB-ը։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) սկսել է «Ծագող առյուծ» կոչվող լայնածավալ գործողությունը, որի ընթացքում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական օբյեկտներին և տեղամասերին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ սպանվել են Իրանի մի քանի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, ինչպես նաև մի շարք միջուկային գիտնականներ։ Հարձակվել են նաև Նաթանզի միջուկային օբյեկտը և իրանական ռազմական օբյեկտները երկրի հյուսիս-արևմուտքում։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քաղաքացիներին ուղղված ուղերձում հանցագործություն է անվանել Իսրայելի հարվածներն Իրանին և ասել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագիր» է սպասվում։ 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը Իսրայելի ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան Իսրայելի հարվածների: