Լրահոս
Իրավական
12:45
24.07.25
441

Ի՞նչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը Հայաստանից՝ ՀԷՑ-ի գործով․ «Հետք»

Img default alt hy

«Հետքի» տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ գործով որոշումը ՀԷՑ-ի գործով: Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ակտիվները բռնագրավել: 

Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից  պահանջել է՝

- Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։

- Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։

- Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։

- Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։

- Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։

- Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։

- Որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Նշենք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան:

Հրատապ որոշման համաձայն՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսի վարձատրությունը կազմում է 16 000 եվրո՝ գումարած 25,5% ԱԱՀ։ Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճարը 4 000 եվրո է՝ գումարած 25% ԱԱՀ։

Արբիտրաժային դատարանից դիմողները պահանջել էին նաեւ որոշում կայացնել Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն այդ պահանջը մերժվել է:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: