Լրահոս
Քաղաքական
22:40
11.07.22
215

ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի թեկնածությունը

Img default alt hy

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։ 

Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։

Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման և ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարևորությունը։ 

Նիստին ներկայացվել է նաև ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։ 

Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը: 

Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին և արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։

Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռևս գոյություն ունի և նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։

Այս համատեքստում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել և մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական և հասարակական ուժերի ու գործիչների հետ։  

Քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի շուրջ հետևողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։