Լրահոս
Իրավական
14:45
13.11.25
738

Հայաստանի հանրային դաշտը թունավորված է տոքսիկ հռետորաբանությամբ. Զարուհի Հովհաննիսյան

Img default alt hy

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրել է.

«Հայաստանի հանրային դաշտը թունավորված է տոքսիկ հռետորաբանությամբ, և այս մասին ես առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում եմ։ Հանրային բևեռացման ներկայիս իրավիճակի ճշգրիտ գնահատումը պահանջում է սահմանել այն հռետորական բազային մակարդակը և նշաձողը, որը սահմանվել է իշխող քաղաքական էլիտայի կողմից։ Երբ պետական մարմինների ղեկավարները օգտագործում են անպարկեշտ կամ սպառնալիք պարունակող լեզու, դա ոչ միայն մարդկային համակեցության նորմերի և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց էթիկական նորմերի խախտում է, այլև ազդանշան՝ ուղղված հասարակությանը, որ նման վարքը թույլատրելի է։

Մենք ունենք երկու ճանապարհ հանրային խոսքում հայհոյանքը, սպառնալիքի լեզվով խոսելը, անձին նվաստացնելն ու անարգելը վերացնել փորձելու համար։ Մեկը՝ աշխատող, մյուսը՝ չաշխատող։

Աշխատող ճանապարհը դա հանրային գրառումներում և տիրույթում սեփական խոսքի վերահսկումն է, այս ընդգծումը վերաբերում է ՀՀ ներկայիս վարչախմբին՝ վարչապետ, Աժ նախագահ, ԱԺ պատգամավորներ և այլն։ Սա շատ կարևոր է, ինչպես դուք խոսեք, այնպես էլ խոսում են, գործում են, նույնիսկ մեքենա են վարում բոլոր մնացյալը։

Չաշխատող ճանապարհը՝ սեփական խոսքում լինել անպարկեշտ և փորձել քրեական արդարադատության մեխանիզմներով սանձահարել այլոց խոսքը։ Ինչու՞ չի աշխատի այս մոտեցումը, քանի որ չի կարող արդարություն հաստատել այն դեպքում, երբ կան վատ բառապաշարով արտահայտվող արտոնյալ պաշտոնյաներ։

Արդարադատությունն աշխատում է այնտեղ, որտեղ հնարավոր է վերկանագնել արդարությունը, քրեական հոդվածների ընտրովի կիրառումն ու անհամաչափ օգտագործումը չի կարող աշխատող գործիք լինել, ավելին, կարող է քաղաքական հետապնդման երանգներ պարունակել, անհամաչափորեն լռեցնելով ընդդիմախոսներին, և ավելի մեծ հայհոյախոսության տարածք բացելով իշխանություն ունեցողների համար։

Հայհոյանքը, սպառնալիքի և նվաստացման լեզվով խոսելը արտոնություն լինել չի կարող, այն պետք է իսպառ վերացվի, այլ ոչ լինի ոմանց մենաշնորհը»։