Լրահոս
Առողջապահական
19:00
13.07.22
176

Ճարպակալում. Վնասակար ազդեցությունն առողջության վրա

Img default alt hy

«Aysor.am»-ը գրել է.

«Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական և գենետիկական հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելցուկային ճարպերի կուտակումը օրգանիզմում, ինչպես նաև նստվածքի առաջացումը ենթամաշկային բջիջներում, այլ օրգաններում ու հյուսվածքներում։

Ավելցուկային քաշը մեծամասամբ նկատվում է նորածին երեխաների մոտ (4000 գ), իսկ կյանքի առաջին տարում հաճախ նկատվում է ճարպակալում: Ճարպակալման վտանգն առավել մեծ է աղջիկների մոտ, քանզի նրանց ենթամաշկային ճարպային բջջախումբն ավելի արտահայտված է:

Ճարպակալման հիմքը նյութափոխանակության խանգարումն է: Այն առավել հաճախ պայմանավորված է շատակերությամբ. նման դեպքերում կարևոր է ոչ թե օգտագործվող սննդի քանակն ու կալորիականությունը, այլ այն, թե որքան էներգիա է մարդ ծաղսում իր ընդունած սննդի համեմատությամբ և ինչ կենսակերպ է վարում:

Շատակերությունից բացի, ճարպակալմանը նպաստում է նաև սննդում առավելապես կենդանական ծագման ճարպերի, ինչպես նաև հեշտ յուրացվող ածխաջրերի պարունակությունը: Սննդում կարագի, խոզապուխտի, ճարպոտ մսի, քաղցրեղենի, կարտոֆիլի ավելցուկային օգտագործումը նույնպես հանգեցնում է ճարպակալման: Դրան նպաստում է նաև ալկոհոլային խմիչքների կանոնավոր օգտագործումը:

Առանձին դեպքերում ճարպակալումը պայմանավորված է ներզատիչ գեղձերի և նյարդային համակարգի գործունեության խանգարումներով, այսինքն` ճարպակալումը հիվանդության դրսևորումներից մեկն է և հատուկ բուժում է պահանջում:

Ճարպակալման առաջին և երկրորդ աստիճանների հիվանդների աշխատունակությունն ու կենսական ակտիվությունը խանգարված չեն: Նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև ծանրաբեռնվածությունը ոսկրերի ու հոդերի վրա, հանգեցնում են հենաշարժական ապարատի փոփոխությունների, որոնք ուղեկցվում են ցավերով և որոշ հոդերի շարժունակության սահմանափակմամբ:

Խիստ արտահայտված ճարպակալման դեպքում անխուսափելի են շնչառության խանգարումները, որոնք հանգեցնում են թոքային և սրտային անբավարարության: Հիվանդները քիչ են շարժվում և քնկոտ են: Ճարպակալումը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են, օրինակ` շաքարախտը, լեղաքարային հիվանդությունը, աթերոսկլերոզը, հիպերտոնիան, սրտամկանի ինֆարկտը և այլն:

Ճարպակալաման բուժման հիմնական մեթոդը խիստ և կանոնավոր սննդակարգի պահպանումն է: Այդ սննդակարգը խիստ անհատական է. հաշվի են առնվում հիվանդության ձևն ու փուլը, հիվանդի մասնագիտական առանձնահատկությունները, մարմնի կազմվածքը և այլն։

Ճարպակալումը կանխելու համար օգտակար են առավոտյան մարմնամարզությունը, լողը, ոտքով կամ հեծանիվով զբոսանքները:

Դեղաբուժությունը կատարվում է խիստ ցուցումներով և միայն բժշկի նշանակմամբ: Ցանկացած միջոցով ինքնաբուժումը վտանգավոր և անթույլատրելի է առողջության համար:

Ճարպակալման առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես հարկավոր է սնունդը սահմանափակել և ձգտել քաշի կայուն պահպանման: Ճարպակալումը կարող է լինել ծանր հիվանդությունների սկզբի միակ ախտանշանը, ուստի նկատելով աճի, սեռական կամ հոգեկան զարգացման կասեցում, տեսողության վատացում, գլխացավեր և այլն, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի»: