Լրահոս
Քաղաքական
14:29
11.07.22
465

«Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը․ տարածքը ներառում է նաև հնավայրը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ այն գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։

Կոտայքի մարզի Ակունք համայքնի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։

Ավելի վաղ գրել էինք, որ մինչ Հայաստանի կառավարությունը դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան գագաթում նշված հողերը չնչին գնով օտարվել էին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

«Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով։