Լրահոս
Հայաստան
22:00
27.07.25
886

Այսօր գլխահակ ու մտահոգ, հայաթափված Արցախով կանգնած ենք արհավիրքների առջև․ Եզրաս Սրբազան

Img default alt hy

Այսօր ամենքս գլխահակ ու մտահոգ, հայաթափված Արցախով, ավերված սրբություններով կանգնած ենք կործանարար ցնցումների ու արհավիրքների առջև: Այս մասին իր խոսքում նշել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Վտանգաշատ, ավերիչ ու խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը, որոնք կարծեցյալ լույսի ներքո մեզ գլորում են դեպի մահաբեր խավարը, ապօրինություններ կատարում մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևորականների նկատմամբ, թշնամանք ու ատելություն սերմանում, բռնության կոչեր անում:

Այս հարձակումների հորձանուտում են հայտնվել մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ սրբազանները, ազգային մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը և մի շարք նվիրյալ հայորդիներ:

Սա անընդունելի և անհանդուրժելի է, քանի որ հղի է մեր ազգի համար անդառնալի հետևանքներով։ Պատմությունը հուշում է, որ խավարամիտ ուժերը հաճախ են մեզ հալածել, մոլորեցրել, սակայն ինչպես առաքյալն է ասում. «Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք»: