Լրահոս
Արցախ
17:30
04.09.22
145

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին

Img default alt hy

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին:

Երկրի ղեկավարը պատասխանատուներից հետաքրքրվել է խմելու ջրի ընդունման և սպառման ծավալներով, որակի վերահսկողության աշխատանքներով, հավաստիացել, որ Պատարա գետից ստացվող խմելու ջրի քանակն ամբողջությամբ բավարարում է մայրաքաղաքի բնակչության սպառման կարիքները:

Նախագահը բարձր է գնահատել ջրագծի կառուցման ծրագրի ռազմավարական նշանակությունը, նշել, որ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է նաև Պատարայի ջրամբարի ծրագիրը կյանքի կոչելու աշխատանքները:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք։