Լրահոս
Իրավական
17:45
24.07.25
118

80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը կալանավորվել է

Img default alt hy

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ բանկի մասնաճյուղի վրա հարձակման վերաբերյալ ահազանգը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հնչել է հուլիսի 15-ի ժամը 16.27-ին:
 
«Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ:
 
Կատարվել էր հետևյալը: Ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի համար նախատեսված կապարակնքված պարկը, որի մեջ կար 80 միլիոն ռուբլի:
 
Բանկի անվտանգության պահնորդն ու մեկ այլ հաճախորդ հետապնդել են նրան, և երբ 33-ամյա տղամարդը, անցնելով Գրիգոր Լուսավորչի փողոցը, փորձել էր նստել «Մերսեդես» մակնիշի իր մեքենան, հետապնդողները հասել են նրան: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում հարձակվողն արցունքաբեր գազ է փչել հետապնդողների դեմքին:
 
Ի վերջո պահնորդին և նրան օգնող քաղաքացուն հաջողվել է խլել կապարակնքված պարկը, ինչից հետո հարձակվողն իր մեքենայով հեռացել է:
 
Նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ` առանձնապես խոշոր չափերով ավազակության փորձի հատկանիշներով:
 
Լոռու մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած գործողությունների արդյունքում հուլիսի 21-ին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվեց «Մերսեդեսը»: Խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց արցունքաբեր գազի բալոնը, իսկ խցիկի թաքստոցում` հինգ փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ:
 
Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին 33-ամյա տղամարդը եկավ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն, ձերբակալվեց ու ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին:
 
Հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում: