Լրահոս
Տնտեսական
12:44
14.11.25
1 384

330 հազարից ավելի անհուսալի վարկ կա այսօր մեր բանկային համակարգում. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

Ներկայացված բյուջեն կարող ենք վստահաբար կոչել ձախողումների ամփոփման բյուջե. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ տնտեսական աճը գահավիժեց 5,2–5,4 տոկոսի միջակայքում, այն դեպքում, երբ խոստացել էին բարենպաստ պայմանների դեպքում 9, իսկ սովորական պայմանների դեպքում 7 տոկոս տնտեսական աճ։

«Այժմ տեսնում ենք՝ կառավարությունն այդ թիրախը չի ապահովում»,–ասաց պատգամավորը։

Ըստ նրա, առկա է պետական պարտքի սրընթաց աճ, որը 2026 թ.-ին անցնելու է 6 տրիլիոնը։

Նա խոսեց նաև միջին աշխատավարձի շեփորահարած աճի մասին. «Եթե միջին աշխատավարձը 300–306 հազարի կարգի է, ապա բնակչության ¾-ը միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ է ստանում, այսինքն՝ 4-ից 3-ը միջինից ցածր է ստանում, իսկ սա նշանակում է, որ բևեռացումը մեծացել է, իսկ միջին աշխատավարձին հղումները պարզ մեքենայություն են»,–ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ 330 հազարից ավելի անհուսալի վարկ կա այսօր մեր բանկային համակարգում։ «Չեմ կարող ասել քանի վարկառու կա։ Փոքր վարկերը, եթե 2017-ին ընդամենը 46 000 էին, ապա 2025 թ.-ին չորս անգամ ավելացել են, դա բարեկեցության անկման ամենամեծ ցուցանիշն է»։