Լրահոս
Հասարակական
13:15
28.11.25
98

32-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Համազասպ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Իսակով պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս «Նեպտուն» մարզասարհի մոտ բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են պարեկները:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ասամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: