Լրահոս
Հասարակական
14:31
30.09.22
104

2 օր առաջ Ջերմուկի ուղղությամբ զոհված Հովհաննես Սուքիասյանը Նոր Ազնաբերդ գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից

Img default alt hy

«News.am»-ը գրում է.

«Սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով զոհված սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրից էր։ Նա պայմանագրային զինծառայող էր։

NEWS.am-ի հետ զրույցում նրա համագյուղացին՝ Ելենա Միքայելյանը պատմեց, որ Հովհաննես Սուքիասյանը տասը տարուց ավելի ծառայում էր Հայաստանի Զինված ուժերում։ 44-ամյա Հովհաննեսը ամուսնացած էր, ունի երկու որդի։

Նա նաև մասնակցել էր սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրքերի պաշտպանությանը: 

Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 28-ին, երբ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

«Հովհաննեսը դեպքից երկու օր առաջ մի քանի ժամով եկել էր գյուղ, տեսել ընտանիքին, զգեստափոխվել ու վերադարձել դիրքեր։ Հովհաննեսը վարորդ էր, նա մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, ամբողջ ընթացքում հաց էր հասցրել զինծառայողներին, վիրավորներին տեղահանել, զոհված տղաների աճյունները հանել։ Հովհաննեսը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

Հովհաննեսը շատ լավ ընկեր էր, հոգատար ամուսին, հայր ու իր ծնողներին արժանի զավակ։ Հոգեհանգստի ժամանակ ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե ինչքան մեծ հարգանք էր վայելում նա կոլեկտիվում և գյուղում»,- ասաց Ելենան։

Հովհաննես Սուքիասյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվել են նաեւ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը»: