Լրահոս
Հասարակական
15:00
21.11.25
3 301

Ըստ օդում կախված լուրերի, 5 մլրդ դրամ գումար է դրված, որպեսզի քահանաներին գնեն. Տեր Ահարոն

Img default alt hy

Այսօր Մայր Աթոռում քննվելու է Թալինի հոգևոր հովիվ տեր Թադեյի կարգալուծության հարցը: Նա պատարագ էր մատուցել, որին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանը, և պատարագի ընթացքում չէր հնչեցրել Վեհափառ հայրապետի անունը: Նունը արել էր նաև Խաչիկ գյուղի քահանան Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի ներկայությամբ: Թեմայի առնչությամբ «News. 5tv.am»-ը զրուցեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք պետք է կարգալույծ արվեն այդ հոգևորականները.

«Երբ ձեռնադրություն է լինում, ձեռնադրությւոնից մեկ օր առաջ ընծայման կարգ կատարվում, այնտեղ մի կտոր կա, որտեղ քահանայացուն ուխտում է, որ ինքը հայրապետների, վարդապետների կանոնների համաձայն պետք է ապրի և խոնարհաբար ենթարկվի: Մեր խորհրդատետրում առանձին տեղ է հատկացված, որտեղ հիշատակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այսինքն՝ շատ մեծ սխալ է, երբ պատարագի ժամանակ չեն հիշատակում, որովհետև խորհրդատետրում կա, իսկ խորհրդատետրը կազմել են առաքյալները, հետագայում Բարսեղ Կեսարացին է ամբողջացրել, այնտեղ Նարեկացու աղոթքներն էլ կան և այլն: Այսինքն՝ պատահական խորհուրդ չի կատարվում, դա Քրիստոսի մարմինն ու արյունն է, և եթե մարդ Աստծո առջև կանգնում է ու երկյուղ չունի, ինչ ասես կարող է անել: Իրենց արածը թանով պատարագներ են, չի կարելի չհիշատակել կաթողիկոսին: 

Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է՝ մենք իրավունք չունենք մեզնից մեծերին դատելու, մենք իրավունք ունենք մեր հավասարներին խրատելու, իսկ մեզնից ցածրին իրավունք ունենք դատելու, բայց ուղիղ իմաստով չէ, խրատելու իմաստով: 

Հիմա մեր սրբերի խոսքերին հակառակ բաներ են անում: Ըստ օդում կախված լուրերի, ինչպես հրեշն էր ասում, 5 մլրդ դրամ գումար է դրված, որպեսզի քահանաներին գնեն»,-ասաց Տեր Ահարոնը՝ հավելելով, որ եկեղեցու դեմ դուրս եկած քահանաները կարգալուծությամբ չեն ավարտելու, այլ անձնական պատիժ էլ կունենան: Տեր Ահարոնի խոսքով՝ խոշոր գումար է փոխանցվել Ստեփան Ասատրյանին՝ նախկին տեր Արամին.

«Ես տեղեկություններ ունեմ, ավելի ճիշտ՝ ըստ օդում կախված լուրերի՝ այդ Հովհաննավանքի քահանային 500 հազար դոլար են փոխանցել և անունը դրել են՝ իբրև թե Հովհաննավանքը վերանորոգելու համար: Մենք լավ գիտենք, որ կա մշակույթի նախարարություն, և նրանք են դրանով զբաղվում, այդ գումարը ինչո՞ւ են նրան փոխանցել»: