Լրահոս
Հասարակական
12:55
25.11.25
448

Սուրբ Պատարագը «պատվերով համերգ» չէ

Img default alt hy

Մասյացոտնի թեմի Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Նահապետյանը անթույլատրելի է համարում պետության միջամտությունը եկեղեցու գործերին: Այս մասին նա ասաց «News. 5tv.am»-ի հետ զրույցում.

«Բնականաբար, հակաեկեղեցական արշավին շատ բացասական եմ վերաբերվում ու ճիշտ չեմ համարում իրենց միջամտությունը, որպես պետական պաշտոնյա, եկեղեցու ներսի ամբողջ դասավորությանը: Սուրբ Պատարագը ծիսակատարություն է, որի ժամանակ կատարվում է հայ եկեղեցու 7 խորհուրդներից մեկը՝ հաղորդությունը: Այնտեղ ամեն տեսակ հիշատակություններ կան՝ և՛ սրբերի, և՛ նաև ապրողների, հոգևորականների, իշխանների, ժողովրդի, հոգևոր սպասավորների՝ բոլոր աստիճանակարգերի, նաև զինվորաց: Դա աղոթք է, որի ժամանակ չի զեղչվում, որովհետև բոլորս, լինելով տկար մարդիկ, Վեհափառից սկսած մինչև ամենաներքևի դպիրը, և ժողովրդի մեջ բոլորը՝ անկախ իրենց մասնագիտական կարողություններից, և եկեղեցին իր առաքելախնամ ծառայությունը տանում է բոլորի հանդեպ, և կարգը հստակ դրված է այդպես, մենք այդ կարգը պահում ենք այնքան ժամանակ, քանի դեռ այլ ցուցում, այլ կանոնակարգ չի սահմանվի Էջմիածնի, Մայր Աթոռի կողմից: Երբ մենք քահանա ենք դառնում, մենք գիտենք, թե ինչ վերարկու ենք վերցնում մեզ վրա, գիտենք, թե այդ վերարկու վերցնողը ինչպես պետք է քայլի և այդպես քայլում ենք»,- ասաց Տեր Տիրանը: 

Հոգևորականին հարցրինք՝ ի՞նչ է կարծում, հոգևորականները ինչո՞ւ են անդամագրվում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական շարժմանը, դա փողի դիմա՞ց են անում, թե՞ Վեհափառից գուցե ինչ-որ նեղացվածություն ունեն.

«Ես չեմ տիրապետում տվյալի, թե ինչի դիմաց է, բայց ես հստակ ասում եմ մեկ բան. Սուրբ Պատարագը «պատվերով համերգ» չէ, պատարագին կարող են մասնակցել հայ եկեղեցու բոլոր զավակները և մասնակցել այնպես, ինչպես կատարվում է կարգը հովվի կողմից: Հովիվը առաջնորդն է, առաջնորդը ինչպես որ կատարում է ծեսը, համայնքը այդ աղոթքը այդպես պետք է կատարի, պետք է հետևեն իրենց հովվին: Եթե չեն հետևում հովվին, այլ իրենք են որոշում, թե հովիվը ինչպես պետք է անի, սա արդեն կոչվում է «պատվերով համերգ», իսկ «պատվերով համերգ» չի կարելի տալ՝ հատկապես սրբության ու աղոթքի հետ կապված: Ինչ վերաբերվում է իրենց ներգրավվածությանը, ապա չեմ կարող ասել: 

Ես չեմ կարող որևէ մեկին ինչ-որ բանի մեջ մեղադրել, որից տեղյակ չեմ, ես չեմ կարող իրենց փոխարեն այդ հարցի պատասխանը տալ: Ես հստակ գիտեմ մեկ բան, որ երբ մենք դառնում ենք քահանա, մենք անձերի հանդեպ ոչ մի պարտավորվածություն չենք ունենում, մենք անձերին երդում չենք տալիս: Մենք ծնկում ենք Էջմիածնի Սուրբ սեղանի առջև և ուխտ ենք կապում Աստծո հետ՝ հավատարմություն հայտնելով կենտրոնին: Իսկ այսօր մենք մեր կյանքում տեսնում ենք անձապաշտության մեղքը: 

Չի կարող հոգևորականը ենթարկվել այս կամ այն անձին՝ անկախ իր պաշտոնի բարձրությունից կամ ցածրությունից, առավել ևս այն պարագայում, որ տվյալ անձն այն մարդը չէ, որ առաջնորդի հոգևոր վերելք: Ինձ համար դատապարտելի է կանգնել մարդկանց կողքը, որոնց ես տեսել եմ տարածված տեսանյութերի մեջ, այդ մակարդակը երբ ես տեսել եմ, ոչ թե որպես հոգևորական, այլ որպես հայ, իմ ինքնասիրությանը վնասող երևույթ է, որ ես գնամ և նույն կարգին դասվեմ, ինչ որ այդ մարդիկ են: Այդ մարդկանց անունները պետք էլ չունեմ տալու, բոլորդ տեսել եք՝ հայհոյախոսներ, տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ, ընտանիքը չհարգող, սրբությունը չգիտակցող մարդիկ: Բնականաբար, ես ինձ՝ որպես հայ տղամարդ, թույլ չեմ տա նման տեղում հայտնվելու, իմ դաստիարակությունը ինձ թույլ չի տալիս, իսկ որպես հոգևորական՝ առավել ևս»,- ասաց Տեր Տիրանը։