Լրահոս
Հասարակական
18:55
13.06.22
141

Շոփահոլիզմ՝ մոլու՞ցք, թե՞ զվարճանք. Խորհուրդներ հոգեբանից

Img default alt hy

Շոփահոլիզմը մեր օրերում բավականին տարածված երևույթ է, այլ հարց է, թե որքանո՞վ է գիտակցում մարդը, որ ունի կախվածություն խանութներից, աննպատակ գնումներից և մոլուցք դարձած այլ սովորություններից։

Շոփահոլիզմի, մարդու վրա գնումների ազդեցության մասին «Aysor.am»-ը զրուցել է հոգեբան Աննա Սարխոշյանի հետ.

«Երևույթը շատ հաճախ կարող է զարգանալ ուշադրության պակասի, միայնության և ներքին դատարկության զգացումների, ճանաչման և սիրո անհրաժեշտության, ինչպես նաև՝ կորստի պատճառով ընկճվածության ժամանակաշրջանում։

Մոլուցքը կարող է դրսևորվել մի շարք ախտանիշներով

Խանութ գնալ առանց կոնկրետ իր գնելու հստակ ցանկության

Ստուգել, փորձել վաճառքի դրված ապրանքների մեծ մասը

Առանց օբյեկտիվ պատճառի որևէ բան գնելու ցանկություն ունենալ

Մշտապես ​​քննարկել գնված իրերը։

Խանութներում շոփահոլիկները կարողանում են ադրենալինի մեծ չափաբաժին ստանալ, քանի որ գնման որոշում կայացնելը և հնարավոր հիասթափությունը միկրոսթրեսներ են, իսկ օրգանիզմը արագ ընտելանում է ադրենալինին, որն էլ ստիպում է կրկին ու կրկին վերադառնալ։

Հոգեբանը զրույցում նշեց, որ հաճախ գնումները կատարվում են գնորդի նկատմամբ վաճառողների վերաբերմունքով պայմանավորված իշխանության պատրանք ստեղծելու համար. հարգանք, օգտակար վերաբերմունք, շոյող գովասանք և այլն:

Գնումներ կատարելը հեռացնում է դեպրեսիան և անհանգստությունը, բարձրացնում ինքնագնահատականը և ինքնավստահությունը. մարդը գնումներից ազատության զգացում է ունենում, նույնիսկ՝ եթե իրերի կարիքը չունի։ Սա ևս ստեղծում է ազատության և կյանքի նկատմամբ վերահսկողության պատրանք:

«Շոփահոլիզմն ուղեկցվում է նաև տհաճ զգացողություններով, որոնք գնորդի մոտ առաջացնում են մեղքի, անպետքության զգացում, զղջում։ Շատ են դեպքերը, երբ շոփինգի մոլուցքը հանգեցրել է ընտանիքների ֆինանսական բարեկեցության անկման, կամ, ծայրահեղ դեպքերում, ընտանիքի կործանման», - ասաց Աննա Սարխոշյանը։

Ծախսերի վերահսկման խորհուրդներ հոգեբանից

Պլանավորել և ուսումնասիրել շուկան: Մասնագետները խորհուրդ են տալիս նախապես վերլուծել, թե ինչ ապրանք է պետք գնել՝ ինքնաբուխ գնումներ չկատարելու համար։

Զեղչը գնելու պատճառ չէ։ Եթե ​​վաճառքի ժամանակ ապրանքը մի քանի անգամ զեղչվել է, դա դեռ չի նշանակում, որ այն անհրաժեշտություն է։

Խուսափել քարտային գնումներից։ Կանխիկը մարդուն թույլ է տալիս ավելի լավ զգալ գումար ծախսելու և իրեր ձեռք բերելու կապը:

Գնումների ցուցակ կազմել։ Պահպանելով անդորրագրերը և գրանցելով բոլոր գնումները՝ կարող եք ավելի հեշտությամբ գնահատել ձեր ծախսերի իրական պատկերը և հասկանալ, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել: