Լրահոս
Արցախ
19:36
04.07.22
137

Ոստիկանները հայտնաբերել են 2007 թվականից հետախուզման մեջ գտնվող հրազեն

Img default alt hy

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Աբովյան փողոցի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ տանը պահում է ապօրինի հրազեն:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, տվյալը ստուգելու նպատակով հունիսի 24-ին բաժին հրավիրված տղամարդը չի հերքել տանը հրազեն ունենալու հանգամանքը: Պարզվել է, որ նախորդ տարվա աշնանը նրա երևանցի ընկերը մայրաքաղաք մեկնելուց առաջ խնդրել էր պահել որսորդական հրացանը: Ոչինչ չկասկածող ստեփանավանցին չէր մերժել և հրացանը պահել էր իր տան չհրկիզվող պահարանում:

Նույն օրը Ստեփանավանի բաժին է հրավիրվել նաև երևանցի ընկերը` Սարյան փողոցի բնակիչ, 63-ամյա տղամարդը: Չժխտելով ստեփանավանցու ասածը` նա հայտնել է, որ 10-15 տարի առաջ, ծննդյան օրվա կապակցությամբ, հրացանն իրեն նվիրել են երկու ընկերները. ուսանողական ընկերն արդեն հանգուցյալ է, իսկ մյուսը բնակվում է արտերկրում:

Նա նաև հայտնել է, որ հրացանն անգամ չի փորձարկել:

Ստեփանավանի բնակիչը իրավապահներին է ներկայացրել խնդրո առարկա որսորդական ողորկափող հրացանը: Հետագա ստուգմամբ պարզվել է, որ հրացանը դեռևս 2007 թվականին հարուցված քրեական գործով հետախուզման մեջ է:

Հրացանը և կազմված փաստաթղթերը տրամադրվել են Արաբկիրի քննչական բաժնին: Հանգամանքները պարզվում են: