Լրահոս
Առողջապահական
16:30
03.07.22
238

Ոսպի տեսակները, օգտակար հատկությունները, հակացուցումները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Ոսպը դիետիկ մթերք է, հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով։ Պարունակում է E, B, PP, կարոտին, ինչպես նաև ֆոսֆոր, կալցիում, կալիում, պղինձ, բոր, նիկել, խրոմ, յոդ, ցինկ, մանգան, մոլիբդեն, նաև օմեգա 3 և օմեգա 6։ Ոսպը նաև դյուրամարս սպիտակուցի աղբյուր է, նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, մեղմում սովի զգացումը։ Ոսպը հարուստ է մագնեզիումով, կալիումով, որ կենսական են սրտի, նյարդային համակարգի համար։

Ընդունված է համարել, որ եթե ոսպը համադրվի շագանակագույն բրնձի հետ, ապա արդյունքում կստացվի նույն որակի սպիտակուց, ինչ կարմիր մսի դեպքում։ Ոսպը նաև հարուստ է բջջանյութով, ինչն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, բարելավում է մարսողությունը։

Երկաթը նպաստում է արյունաստեղծմանը, ինչպես նաև օգնում հաղթահարել հոգնածությունը։

Ոսպը խրախուսելի է ուտել հղիության ընթացքում. Ֆոլիկաթթվի պարունակության շնորհիվ նպաստում է պտղի զարգացմանը։

Սպիտակուցի բարձր պարունակության շնորհիվ ոսպն օգտակար է մկանների ձևավորման, ամրացման համար։ 

Բուսական սպիտակուցն օրգանիզմին հաղորդում է էներգիա, դրական տրամադրություն, օգնում հաղթահարել նյարդային խնդիրները։

Կարմիր ոսպը բարելավում է իմունային համակարգը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ունի հակաօքսիդանտ հատկություն, չեզոքացնում է ազատ ռադիկալներին, նվազեցնում է շաքարի մակարդակը։ Օգտակար է փորկապության, դիարեայի դեպքում, ամրացնում է անոթները։ Կարմիր ոսպը կարող է խնդիրներ առաջացնել անհատական անտանելիության, քարային հիվանդությունների, ստամոքսի խոցի,  հոդատապի դեպքում։

Կանաչ ոսպի բարձր պարունակության սպիտակուցը հեշտորեն յուացվում է, պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ։ B խմբի վիտամինների շնորհիվ բարելավում է իմունային համակարգը, նպաստում մկանների ձևավորմանը, ամրացմանը, դրական է ազդում նյարդային համակարգի աշխատանքին։ Չարաշահել պետք չէ՝ խուսափելու համար որովայնում անհարմարության զգացման առաջացումից։

Դեղին ոսպը համեմատաբար արագ է եփվում, օգտակար է սակավարյունության, սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, բարելավում է իմունային համակարգը, ամրացնում է ոսկորները, նպաստում է եղունգների, մազերի առողջացմանը, բջջանյութի շնորհիվ բարելավում է մարսողությունը, հարստացնում է օրգանիզմը սպիտակուցով, անհրաժեշտ ամինաթթուներով։ Չարաշահման դեպքում կարող են առաջանալ մետեորիզմ, հաստ աղիքի բորբոքում, սրացումներ՝ ստամոքսի խոցի դեպքում։ 

Շագանակագույն ոսպը օգտակար է նյարդային խանգարումների, շաքարային դիաբետի դեպքում։ Հարստացնում է օրգանիզմը սպիտակուցով, վիտամիններով, միներալներով։ Ցուցված չէ ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրների, մետեորիզմի, հոդատապի դեպքում։

Ընդհանուր առմամբ ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ, դիսբակտերիոզ, հոդատապ ունեցողներին չի խրախուսվում ոսպը ներառել սննդակարգում։ Չարաշահման դեպքում հնարավոր է առաջանան երիկամների խնդիրներ, ստամոքսի, մարսողության խանգարում»։