Լրահոս
Քաղաքական
17:09
10.07.25
280

Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը. ԱԳՆ խոսնակ

Img default alt hy

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը։

Չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։

Ընդգծում ենք ևս մեկ անգամ, որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությունը, այդ թվում՝ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։ Սույնով ակնկալում ենք թեման այլափոխած հրապարակումների հեռացում, հերքում և այս հրապարակման տարածում։

Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել»»: