Լրահոս
Հասարակական
22:46
04.07.22
202

Mercedes-ը Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհին տապալել է մի քանի գազասյուներ ու հայտնվել դաշտում

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մրգաշեն-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գազատար խողովակների, կոտրել դրանք և հայտնվել դաշտում: 

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել: 

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը: 

Գազախողովակների տապալման հետևանքով գազի արտահոսք է սկսվել և օպերատիվորեն ժամանած «Գազպորմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի ծառայողները գազազրկել են նշված տարածքը ու այս պահին էլ կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները նորով փոխարինելու և վնասված գազախողովակները վերանորոգելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում վթարի հետևանքով մի քանի գյուղերի բնակիչների գազամատակարարումը վերականգնվի: 

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: