Լրահոս
Միջազգային
16:30
09.03.23
103

Իսրայելում ցույցերի պատճառով Պենտագոնի ղեկավարը հանդիպումներ կանցկացնի օդանավակայանում

Img default alt hy

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում մուտք չի գործի Իսրայելի տարածք այնտեղ շարունակվող բողոքի ակցիաների պատճառով: Նա իսրայելցի քաղաքական գործիչների հետ հանդիպումներ կանցկացնի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի մոտ գտնվող մի գործարանում:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ հանդիպման վայրի փոփոխությունը տեղի է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարության խնդրանքով: Օսթինի այցն Իսրայել տեղի կունենա այսօր: ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է հանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ:

Ըստ Associated Press-ի՝ հակակառավարական ցույցերի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել ամբողջ երկրում: Հունվարի սկզբից Իսրայելում շարունակվում են ընդդիմության զանգվածային ցույցերը՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախարարների կաբինետի դեմ, որը երկրի կառավարումն ստանձնել Է անցյալ տարվա վերջին։

Բողոքի պատճառ է դարձել նոր կառավարության առաջարկած դատաիրավական բարեփոխումների նախագիծը, որը, մասնավորապես, ենթադրում է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության նկատմամբ վերահսկողության տրամադրում նախարարների կաբինետին։ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայությունն սկսել Է մարտի 5-ին՝ Հորդանան կատարած այցով: Մարտի 7-ին նա չհայտարարված այցով ժամանել է Իրաք, մարտի 8-ին Պենտագոնի ղեկավարն այցելել է Եգիպտոս: