Լրահոս
Քաղաքական
21:50
14.06.22
199

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նոր մարտավարությունը

Img default alt hy

Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման նոր մարտավարությունը.

«Շարժման անելիքները և դրանց ուղղված գործնական քայլերը պետք է բխեն առաջադրված նպատակներից ու խնդիրներից։

Շարժման հետագա ծավալման արդյունքում պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի՝

ա) կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում,

բ) հասնենք Նիկոլի հեռացմանը՝ հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով։
Պայքարը այս երկու ուղղություններով պետք է ընթանա զուգահեռ և լինի փոխլրացնող։
Շարժման որակական և քանակական մակարդակն է, որ, ի վերջո, կանխորոշելու է մեր պայքարի արդյունավետությունը։ Հետևաբար, թիրախային, հստակ պլանավորված քայլերով և գործողություններով պայքարը պետք է շարունակվի՝ որոշակի փոփոխություններ կատարելով պայքարի ձեւերի ու եղանակների մեջ։

Այս առումով առաջիկա մեր անելիքներն ու գործնական քայլերը միտված են լինելու հետևյալին.

1. Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ ցուցական փողոցային ակցիաներ, ոլորտային ևթեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն 1 մարզային այց, 1 մեծ հանրահավաք-երթ:

2. Շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, այդ թվում` Արցախում և Սփյուռքում:

3. Հանրության լայն շերտերի, այդ թվում` գիտական, կրթական, հոգևոր-մշակութային, գյուղացիության, բիզնես շրջանակների, երիտասարդության հետ հետեւողական աշխատանք:

4. Հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկի ձևավորում, հատկապես` նոր սերնդից, նաև Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ։

5. Մարզերոմ շարժման կորդինացիոն խորհուրդների ձևավորում:

6. Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերական աշխատանքներ։

7. Ապօրինաբար ձերբակալված և կալանավորված` շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկում։

Փողոցային պայքարը շարունակվում է փոքր-ինչ այլ ինտենսիվությամբ, բայց, դրան զուգահեռ, տեղի են ունենում Շարժման կառուցվածքային վերափոխման և ընդլայնման աշխատանքներ, ինչը հանգեցնելու է Շարժման առավել ընդլայնմանը:

Սակայն պետք է պատրաստ լինենք, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ շատ վճռորոշ զարգացումներ, և Շարժումը պետք է ունակ լինի օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու և հակազդելու, ունենա համապատասխան լծակներ ու հնարավորություններ: Ըստ այդ զարգացումների` մենք կարող ենք կրկին վերադառնալ 24 ժամվա ռեժիմի:

Միաժամանակ, մեր հիմնական օրակարգում պահելով Նիկոլի հրաժարականի հարցը, հարկ է նկատի ունենալ, որ օգոստոսի 2-ին լրանում է նրա պաշտոնավարման մեկ տարին, և նրան աթոռից հեռացնելու մեր գործիքակազմին ավելանում է ևս մեկը։ Հետևաբար, երկու ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ սկսելու հարց ունենք՝

1. պաշտոնանկության հիմքերի ամբողջացում (իրավական-քաղաքական), դրա հանրային համաժողովրդական պահանջի դրսևորում,

2. ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բավարարումն օրենքով սահմանված` անվստահություն հայտնելու նախապայմանի։

Այս մասին, սակայն, ավելի մանրամասն ու հանգամանալից խոսելու առիթ դեռ կունենանք»: