Լրահոս
Քաղաքական
23:10
14.07.25
150

Ի վերջո հարցը փա՞կ է այլևս, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

Img default alt hy

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Middle East Eye պարբերականը հղում անելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարակին, որը նաև Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն է, խոսել է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» մասնավոր կառավարման մասին: Ըստ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի, Անկարան է ԱՄՆ-ին արել առաջարկ՝ կառավարման վերցնել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը՝ մասնավոր ընկերության միջոցով, ինչին ԱՄՆ համաձայնել է:

Ըստ Բարակի, Երևանը լինելով համաձայն, նշել է, որ նույն ռեժիմը պետք է գործի Նախիջևանով անցնող ճանապարհի նկատմամբ, ինչին Ադրբեջանը չի համաձայնել:

Փաստորեն այն, ինչ ըստ Քարնեգի հիմնադրամի տարածած տեղեկատվության ամերիկյան առաջարկ էր, իրականում եղել է թուրքական առաջարկ, որին ԱՄՆ համաձայնել է, բայց Երևանը դրել է փոխադարձության պայման, ինչը մերժել է Ադրբեջանը:

Սա է «արտապատվիրակման» այն հայտարարության առարկան, որի մասին հուլիսի 10-ին Երևանում խոսել էր փոխարտգործնախարար Սաֆարյանը: Ի դեպ, ես, այդ խոսքին հաջորդած հանրային մեծ աղմուկի ֆոնին ուշադրություն հրավիրեցի հենց ձևակերպմանը, որ արել էր Սաֆարյանը՝ «փոխադարձության սկզբունքի դեպքում»:

Ինչպես նշել էի այդ առիթով, դա նվազագույն մի մոտեցում է, որ Երևանի համար կարող է լինել մանևրի միջոց, իսկ միակողմանի «արտապատվիրակումը»՝ պարզապես անընդունելի է և նշանակում է ոչ միայն ինքնիշխանության կորուստ, այլ նաև Հայաստանի տարածքը ճանաչել որպես վեճի առարկա:

Middle East Eye պարբերականի հրապարակումից ըստ էության պարզ չէ, թե ի վերջո հարցը փա՞կ է այլևս, թե՞ ոչ: Այստեղ է նաև, որ այդուհանդերձ ինձ համար միարժեք չէ, որ այդ առաջարկը կարող է վայելել ԵՄ, և առավել ևս Ֆրանսիայի հավանությունը, նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Թրամպի վերաբերմունքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանդեպ: Այս համատեքստում է նաև, որ ուշադրություն եմ հրավիրել այդ ֆոնին Մակրոնի Մոսկվա կատարած հեռախոսազանգին:

Թուրքիայի՝ ԱՄՆ-ին ուղղված առաջարկը կարող է լինել Փարիզին ու Մոսկվային, ինչպես նաեւ Թեհրանին «միավորող» հանգամանք: Հատկանշական է, որ Պուտինին զանգից երկու օր առաջ Մակրոնը խոսել էր Իրանի նախագահի հետ:

Ինչ են այսօր խոսել Բրյուսելում Փաշինյանն ու ԵՄ ղեկավարները, և ինչ է խոսվելու Ելիսեյան պալատում՝ Մակրոնի հետ: Մի բան անկասկած է՝ խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը»։