Լրահոս
Հայաստան
17:44
08.07.22
709

Հայաստանի երկնքով ադրբեջանական ու թուրքական օդանավերը Բաքուն ու Գյանջան կապում են Նախիջևանին

Img default alt hy

«Hetq.am»-ը գրել է․

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիոն ապաշրջափակումը օդային երթուղիների մասով իրականություն է դարձել դեռ նախորդ տարվանից, բայց այս դեպքում ապաշրջափակողը Հայաստանն է, իսկ օգտվողը՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Ճիշտ է՝ թղթի վրա Հայաստանն ու Ադրբեջանը, բացի պատերազմական փուլից, միմյանց հանդեպ թռիչքային սահմանափակումներ չեն կիրառել։ Այսինքն՝ թե՛ մեր երկինքն է բաց եղել նրանց համար, թե՛ նրանցը՝ մեզ համար։ Իրականությունը, սակայն, այլ է։

Նախ՝ հայկական փոխադրողները Ադրբեջանի երկնքով թռչելու կարիք մեծ հաշվով չունեն, որովհետև դեպի Միջին Ասիա, Սիբիր կամ Հեռավոր Արևելք չեն թռչում, բայց ահա ՀՀ կառավարական օդանավն, օրինակ, միջինասիական քաղաքներ մեկնելիս կամ վերադառնալիս երբեք չի մտնում Ադրբեջանի երկինք, ինչն անվտանգային առումով ընկալելի է։ Ադրբեջանական ու թուրքական կառավարական բորտերն էլ մեր երկինք չեն մտնում, բայց այդ երկրների ազգային փոխադրողները՝ «AZAL»-ն ու «Turkish Airlines»-ը տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ են կատարում Հայաստանի օդով՝ միմյանց կապելով Բաքուն, Նախիջևանը, Գյանջան, Ստամբուլը։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիան 2020-ի ամառվանից մինչև այս տարվա մարտ փաստացի չէր թույլատրում ՀՀ գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք։ Այս գարնանից Թուրքիայի օդով կրկին թռիչքներ է կատարում ՀՀ կառավարական բորտը, իսկ կոմերցիոն փոխադրողները շարունակում են խոչընդոտների բախվել։   

Օրինակ՝ հայկական «Fly One Armenia» ընկերությունը, որի օդանավերը գրանցված են ոչ թե Հայաստանում, այլ Մոլդովայում, չնայած անարգել կատարում է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, թուրքական ավիացիոն իշխանությունների կողմից պարբերաբար խնդիրների է հանդիպում Թուրքիայի երկնքով տարանցիկ թռիչքներ կատարելիս։ Այսպես՝ մայիս-հունիսին թուրքերը չէին թողնում, որ «Fly One Armenia»-ն իրենց երկնքով Երևանից թռչի դեպի Ֆրանսիա՝ Փարիզ ու Լիոն։ Հիմա էլ նույն խնդրին է բախվել Երևան-Բեյրութ-Երևան չվերթը, որի մեկնարկը տրվեց հունիսի վերջին, բայց շատ շուտով թուրքերը չտրամադրեցին իրենց օդով տարանցում կատարելու հնարավորություն։ Ըստ հայկական ավիաընկերության՝ դեպի Բեյրութ թռիչքներն առկախվել են մինչև հուլիսի 21-ը։

Տուրիստական այս սեզոնին հայկական «Fly Arna»-ն էլ, որի օդանավը գրանցված է Հայաստանում, եգիպտական Շարմ էլ Շեյխ և Հուրգադա թռչում է՝ Թուրքիան ու Իրաքը շրջացելով, ինչի հետևանքով երկար կոր է գծում (տես նկարում)։

Եթե նայենք հայկական մեկ այլ փոխադրողի՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» դեպի Եգիպտոս չվերթերը, կտեսնենք, որ դրանք մե՛կ շրջանցել են Թուրքիայի երկինքը, մե՛կ տարանցել այն։     

Ինչ վերաբերում է մեր երկնքով երկու ոչ բարեկամ երկրների ավիափոխադրողների տարանցումներին, ապա 2021-ի հոկտեմբերից ադրբեջանական «AZAL»-ի ինքնաթիռները Հայաստանի օդով անարգել կատարում են Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթեր։ Ընդ որում՝ թշնամի պետության օդանավերը 2014-ի նոյեմբերից խուսափում էին թռչել Հայաստանի երկնքով, որովհետև այդ տարվա նոյեմբերի 12-ին ակնհայտ ագրեսիա իրականացնելով՝ խոցել էին շփման գոտուց այս կողմ՝ Արցախի երկնքում ուսումնամարզական թռիչք կատարող «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որը զինված չէր։ Դրանից հետո ադրբեջանցիները վախենում էին հայկական կողմի պատասխան գործողություններից և 7 տարի շարունակ Բաքվից Նախիջևան էին թռչում միայն Իրանի տարածքով։

7 տարվա մեջ առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռն անցել է Հայաստանի երկնքով

Բայց 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի հոկտեմբերից, ՀՀ իշխանությունների համաձայնությամբ «AZAL»-ի օդանավերը Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթերը կատարում են ոչ միայն Իրանով, այլև Հայաստանով (տես նկարում)։ Մեր երկնքով, սակայն, չվերթերն ավելի ձեռնտու են ժամանակի և ծախսատարության տեսանկյունից, ինչի մասին հայտարարել են նաև ադրբեջանցիները։

 

ՔԱԿ-ն ու ԱԽՔ-ը մանիպուլացնում են մեր երկնքով ադրբեջանական թռիչքների թեման

Արձանագրել ենք, որ այդ թռիչքները երբեմն անցնում են նաև Արցախի օդային տարածքով, մասնավորապես՝ Մարտակերտի շրջանի վրայով։

Ադրբեջանցիներն օգտագործում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Իրանի երկինքը

Հայաստանը չի խոչընդոտել իր օդային տարածքով կատարվող ներադրբեջանական չվերթերը նույնիսկ 2021-ի նոյեմբերին, երբ թշնամին դիմեց հերթական ագրեսիային Սյունիքի մարզի Ծիծեռնաքարի, ինչպես նաև Ջերմուկի հատվածներում, ինչը հայկական կողմից հանգեցրեց մարդկային և դիրքային կորուստների։

Թշնամին պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ ադրբեջանական ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքներ է կատարում մեր երկնքով

Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթերը Հայաստանի տարածքով իրականացվում են օրական 4 անգամ՝ առավոտյան, կեսօրին մոտ, երեկոյան և գիշերը։

Բայց սա ամենը չէ։ Թուրքական ազգային փոխադրող «Turkish Airlines»-ը պարբերաբար իրականացնում է Ստամբուլ-Գյանջա-Նախիջևան-Ստամբուլ (չվերթի համարը՝ TK 326) և Ստամբուլ-Նախիջևան-Գյանջա-Ստամբուլ (TK 326) չվերթերը, որոնց ընթացքում Նախիջևան-Գյանջա և Գյանջա-Նախիջևան, ինչպես նաև Գյանջա-Ստամբուլ հատվածներն անցնում են Հայաստանի օդով (տես նկարում)։

Ժամանակին մեր երկնքով էր անցնում նաև Ստամբուլ-Նախիջևան թռիչքը, սակայն հիմա «Turkish Airlines»-ի ինքնաթիռները Ստամբուլ-Նախիջևան և Նախիջևան-Ստամբուլ սեգմենտներն իրականացնում են ոչ թե Հայաստանի միջոցով, այլ թուրք-նախիջևանյան նեղ սահմանով»։