Լրահոս
Քաղաքական
16:15
27.06.22
135

Գյուղացու ամբողջ աշխատանքը հողին է հավասարվել. Հաթերքում տեղած կարկուտը վնասել է ծառեր, ավտոմեքենաներ և տներ

Img default alt hy

Արցախի հանրապետության Հաթերք գյուղում նախօրեին տեղացավ կարկուտն ամբողջապես վնասել է մրգատու ծառեր, բանջարաբոստանային պտուղներ, տասնյակ ավտոմեքենաներ և տան տանիքներ: Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասել է Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը:

«Սարսափելի կարկուտ էր՝ ահռելի մեծությամբ: Այն ամբողջությամբ վնասել է մեր ծառերը, բանջարաբոստանային պտուղները, եգիտացորենի դաշտերն են մեծ վնասներ կրել: Մեր գյուղում 100-ից ավել մեքենա է վնասվել, 30-ից ավել դիմապակի է ջարդվել, դեպքեր են եղել, որ կարկուտը ծակել և մտել է մեքենայի մեջ: Տան կտուրներ են շատ վնասվել, ընտանիքներ ունենք, որոնց տեղափոխել ենք, քանի որ կարկուտն ամբողջությամբ վնասել է իրենց տան տանիքը, որոշ դեպքերում՝ տան գույքն էլ է վնասել»,- պատմել է Գրիգորյանը:

Գյուղապետի խոսքով՝ վնասվել են նաև գյուղամիջյան ճանապարհներ, անձրևաջրերը պղտորել են գյուղի ակունքից եկող ջուրը, կարկուտի ժամանակ եղած կայծակի հետևանքով թուլացել է կապը:

«Մենք նման ծավալի կարկուտ չենք հիշում: Հույս ունենք՝ կփոխահատուցեն մեզ, որովհետև այս պահին գյուղացու ամբողջ աշխատանքը հավասարվել է հողին:  Ավտոմեքենաների մասով էլ՝ եթե թեկուզ միայն դիմապակիների մասով փոխհատուցեն, շատ կօգնեն»,- ընդգծել է Վարդան Գրիգորյանը: