Լրահոս
Քաղաքական
10:30
09.07.25
96

Գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ․ «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին

Img default alt hy

«Տաշիր» ընկերությունների խումբը մտահոգություն է հայտնել վերջին օրերի զարգացումների առնչությամբ։

«Երեկ՝ հուլիսի 8-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում իրականացվող քննչական գործողությունների շրջանակում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ շենք է բերվել Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Ներկա պահին նա ձերբակալված չէ, չունի հստակ որոշված կարգավիճակ և սպասում է հնարավոր հարցաքննության։

Հաստատում ենք, որ «ՀԷՑ»-ի գրասենյակում տեղի են ունեցել խուզարկություններ ու քննչական գործողություններ։ Ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները օրենքի շրջանակում համագործակցել են քննող մարմինների հետ։

Այնուամենայնիվ, չենք կարող չարտահայտել մեր մտահոգությունը տեղի ունեցողի ձևաչափի և մասշտաբների վերաբերյալ։ Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ։

«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին։ Մենք հորդորում ենք իրավապահ մարմիններին գործել բացառապես Սահմանադրության և քրեական օրենսդրության շրջանակում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային շոուի որևէ տարր։

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել զարգացումներին և հանրությանը օպերատիվ կերպով արժանահավատ տեղեկատվություն կտրամադրենք», — նշված է հայտարարությունում։