Լրահոս
Հայաստան
10:00
06.07.22
216

«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է: Համենայնդեպս, այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել այս ծրագրին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց պատմելով՝ ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը չկա, այդ իսկ պատճառով այն դադարեցվել է:

«Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին հետևյալը. «Այդ ծրագիրը, ինչպես զբաղվածության որոշ այլ ծրագրեր ևս, վերախմբագրման փուլում է արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Ծրագրերն այս պահին հստակություն չունեն, և զուգահեռ նաև զբաղվածության ռազմավարության մշակման փուլում ենք»։ Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում է դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում է պետությունը։

Ի դեպ, ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող էր կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: Բայց այս ծրագրից բոլոր դիմողները չէ, որ կարողացել են օգտվել, քանի որ միշտ հերթագրման ու մայրիկների ընտրության մասով խնդիրներ են առաջացել»: