Լրահոս
Հասարակական
12:27
25.11.25
457

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը հասել է Դպրաբակ, բայց անտառ չի մտել, գիշերը դեմն առել ենք. Դպրաբակի նախկին վարչական ղեկավար

Img default alt hy

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը հասել է Դպրաբակ գյուղ, բայց դեռևս անտառ չի մտել, դեմն առել ենք գիշերը. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դպրաբակի նախկին վարչական ղեկավար Հովհաննես Նազլուխանյանը։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքը Տավուշի մարզին մոտ գյուղերից է։ Նազլուխանյանը նշեց, որ եթե անտառին հասնի կրակը՝ անվերահսկելի կլինի։

«Անտառներից վերև է կրակը, բայց այնտեղ էլ յոլկի անտառներ ունենք, չեմ իմանում մինչև ինչքան կպահեն։ Գիշերը տղաս էլ է էնտեղ եղել, սաղ տղերքը էնտեղ են, մինչև ժամը 3-ը հանգցնելիս են եղել, խոտը բարձր է՝ շատ զոռ է հանգցնելը։ Հանգցնում են, բայց կարող ա նորից վերսկսած լինի»,-ասաց նա։ 

Հովհաննես Նազլուխանյանն ասաց, որ համայնքի բնակչությունից բացի հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում են մեծ թվով փրկարարական ծառայողներ, նաև մեծ թվով տեխնիկա է ներգարվված։

«Շլանգներ են փռում, իրար պոչ անում, աշխատում են իհարկե, մի քանի ուղղաթիռ է աշխատում, երկու, թե երեք հատ աշխատում է, գնում է Սևանից վերցնում է ջուրը՝ բերում»,-ասաց նա։

Համայնքի բնակիչ Նազլուխանյանը չգիտի, թե կրակն ինչի հետևանով է եղել, բայց հստակ գիտի, որ տարածման պատճառը չորային եղանակներ են։

«Շատ չորային է, երկար ամիսներ անձրև չի գալիս, սարսափելի չորային վիճակ է, կրակը բռնկվելով գնում է։ Նախ խոտերը այս տարի քիչ են հնձել, հետո էլ այնտեղ շատ բարդ տարածքներ են՝ ձորեր, թեքություններ, հնձելի էլ չեն, բարձր, երկու մետրից բարձր խոտեր կան էնտեղ։ Դե հլա որ ամեն ինչ անում են, որ անտառին չհասի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ից, որը մեծ փրկարարական ուժեր ներգրավելով հանդերձ դեռևս չի մարվել։