Լրահոս
Հասարակական
21:20
22.11.25
437

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը մարված են

Img default alt hy

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
 
Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
 
Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում։
 
Հրդեհը բռնկվել է 3 օջախով, որից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։
 
Երրորդ տեղամասում ինտենսիվորեն շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
 
Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 253 փրկարարական ծառայող՝ 34 օժանդակ և 4 հիմնական տեխնիկա․ կիրառվում է նաև անօդաչու թռչող սարքեր։
 
Հրդեհաշիջման աշխատանքները օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանական, Պարեկային ծառայության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։