Լրահոս
Հասարակական
22:05
08.06.25
376

Բացահայտվել է կեղծ դոլարների իրացում. կասկածյալներն օտարերկրացիներ են

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 8-ին, «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները կարողացել են կանխել Երևանում կեղծ թղթադրամի փոխանակման դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում 3 քաղաքացի մոտեցել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղ, որպեսզի իրենց մոտ եղած ԱՄՆ դոլարները վերածեն դրամի։

Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ տեղում «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղի աշխատակիցը կարողացել է բացահայտել, որ դոլարները կեղծ են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկներն ու համայնքային ոստիկանները 3 հոգու կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ոստիկանություն տեղափոխվածները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, երկուսը՝ տղամարդ, մեկը՝ կին։

Նրանք նույնպես ներկայացվել են քննչական բաժին, ինչպես նաև կեղծ 400 ԱՄՆ դոլարը։