Լրահոս
Իրավական
18:29
03.10.22
361

«Արթիկ» ՔԿ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են արգելված իրեր փոխանցել

Img default alt hy

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 3-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից զեկուցվել է, որ արտաքին արգելագոտու կողմից բնակելի գոտուն է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, ձեռնարկված գործողությունների արդյունքում, անհապաղ ուժեղացնելով տվյալ տարածքի հսկողությունը՝ ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը հեռակառավարման վահանակով կառավարել է անօդաչու թռչող սարքը։ Քաղաքացին, տեսնելով իրեն մոտեցող ծառայողներին, անմիջապես դիմել է փախուստի, իսկ անօդաչու թռչող սարքն ընկել է ավտոճանապարհի հարակից հատվածում։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում կազմվել է արձանագրություն, անօդաչու թռչող սարքն առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից։ Զննությամբ պարզվել է նաև, որ թռչող սարքին ամրացված է եղել 3 բջջային հեռախոս։