Լրահոս
Քաղաքական
13:10
02.10.22
150

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել

Img default alt hy

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որով հայտնել են համայնքի զարգացման շուրջ համագործակցության մասին հուշագրի ստորագրման վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշված է.

««Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները՝

- Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը,

- Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը,

- Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը,

- Համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝

Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝

- Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը,

- Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը,

- Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,

- Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը,

- Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով,

Ալավերդի համայնքում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման:

Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար»։

Լոռու մարզի Ալավերդի համայնքում սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած նախնական արդյունքների, «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 6791 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 6557 ձայն, ՀԱԿ-ը ստացել է 340, իսկ ՀՅԴ-ն՝ 316 քվե: