Լրահոս
Քաղաքական
10:44
08.09.22
215

Ամեն ինչ անելու ենք, որ իշխանությունը չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ. Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով 2018 թվականի ապրիլի 8-ի ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ:

Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Այդուհանդերձ, «նոր» Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երևույթը ոչ միայն արմատախիլ չարվեց, այլև շարունակվում է առավել ամբարտավան դրսևորումներով: Խոսենք փաստերով. վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է: Լենա Նազարյան և Նարեկ Բաբայան. նրանք ամուսիններով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ են: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում:

Խնամի-ծանոթ-բարեկամ մերժող հեղափոխական իշխանության օրոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանն է:

Բացի այդ, բաջանաղներին մերժած Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցների ղեկավարներ նշանակեց իր դասընկերներին և հայրենակիցներին. ՀՀ ոստիկանության ծառայության պետը իջևանցի Վահե Ղազարյանն է, ԱԺ պատգամավոր, խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն է, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարը Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, և այսպես շարունակ: Ցանկը, իհարկե, ավելի երկար է, որին առաջիկայում կանդրադառնանք:

Մինչ այդ արձանագրենք, որ մերժելով հին բարքերը՝ հեղափոխական իշխանությունը հենց հին, մերժված մտածողությամբ է առաջ շարժվում՝ խաբելով ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։