Լրահոս
Քաղաքական
18:15
29.11.25
447

42 միլիոնանոց ջեբկիրություն՝ պետական բյուջեից. Մանուկ Սուքիասյան

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ջեբկիրություն է որակում նոյեմբերի 22-ին պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի անցկացման համար պետբյուջեից ավելի քան 42 միլիոն դրամի ծախսը:

«Իրենք են  չէ՞ հռչակել, որ պետական բյուջեն քաղաքացու գրպանն է, ո՞վ է թույլ տվել այդ ջեբկիրությունը, որ իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնեն: Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար իրեն Բրեժնևի տեղն է դնում: Իշխանափոխությունից  հետո իրավապահ մարմիններին բոլոր կազմակերպիչները պետք է բացատրություն տան ու իրենց ցուցմունքներում գրեն՝  ով է իրենց հարկադրել նման միջոցառում կազմակերպել քաղաքացու գրպանի հաշվին»,- Aysor.am-ին ասաց Մանուկ Սուքիասյանը:

Ավագանու անդամը հիշեցրեց, որ 2024-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն արված նվիրատվությունները տարբեր տնտեսվարողներից կազմել է մոտ 139 միլիոն դրամ.

«Թող իրենց կուսակցության բյուջեից ծախսեին, ո՞վ է թույլ տվել կառավարության բյուջեից ծախսել։ Դու քաղաքական մարմին ես, ի՞նչ գործ ունես՝ պետական ծառայողներին կանչես, քարոզ կարդաս: Իշխանազավթման, ինքնիրավչության և սեփական լիազորությունները գերազանցելու դրվագ կա: Դա հակասում է և՛ օրենսդրությանը, և՛ իրենց շատ բարձրաձայնած ժողովրդավարության սկզբունքներին: Պետական ծառայողը պետք է շարունակի մնալ պետական ծառայող՝ անկախ նրանից, թե ով է քաղաքական իշխանությունը: Ստացվում է՝ քաղաքական աֆյորան էլ է մեր պետության ու քաղաքացիների հաշվին»: