Լրահոս
Հասարակական
12:42
20.11.25
800

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ

Img default alt hy

2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի հերթականությունից։

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ ներկայում միանվագ նպաստը տարբեր է․300 000 դրամ՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում, 1 000 000 դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի համար, 1 500 000 դրամ՝ հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում։

Թորոսյանի խոսքով՝ գործող համակարգը հաճախ չի ծառայում իր նպատակին․ որոշ ընտանիքներ հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում օգտվում են նպաստից ոչ հիմնական նպատակով, ինչն առաջացնում է երեխայի խնամքի հետ կապված բարդություններ։

«Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500 000 դրամ։ Սա նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ, և համահարթեցված մոտեցումը լավագույնս է ապահովում երեխայի ծննդյան պահին ընտանիքի ծախսերի փոխհատուցումը»,- ասաց նա հավելելով՝ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, որպեսզի չազդի այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա։