Լրահոս
Սպորտ
13:30
03.10.22
494

125 զոհ՝ ֆուտբոլային խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինդոնեզիայի Մալանգի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 125 մարդ է մահացել, այդ թվում՝ 17 երեխա, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters գործակալությունը։ Ավելի քան 300 մարդ վիրավորվել է։ Այս տվյալները հաստատել է երկրի առողջապահության նախարարությունը։

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ անկախ հանձնաժողով կստեղծվի միջադեպի հանգամանալից ուսումնասիրության համար։

Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը «Արեմա» և «Պերսեբայա» թիմերի ֆուտբոլային խաղի ժամանակ։ Արեման 3-2 հաշվով պարտություն էր կրել. թիմի երկրպագուները խաղացողների վրա շշեր էին նետել, այնուհետև փորձել խաղադաշտ ներխուժել։ Իրավապահներն ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ էին կիրառել, ինչի հետևանքով հրմշտոց էր սկսվել։

Միջադեպը որակվել է որպես մարզադաշտերում տեղի ունեցած աշխարհի վատթարագույն ողբերգություններից մեկը։

Տեղի ունեցածին արձագանքել են ՖԻՖԱ-ի նախագահը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը։ Հռոմի պապը կիրակի օրվա ուղերձում հայտնել է, որ աղոթում է զոհերի և վիրավորների համար։

Ըստ ABC News-ի՝ երեկ երեկոյան մարդիկ հավաքվել են մարզադաշտի առջև՝ ծաղիկեր դնելով զոհերի հիշատակին, իսկ ուշ գիշերը տեղի է ունեցել մոմավառության արարողություն։

Ավելի վաղ «ShantNews»-ը հայտնել էր 174 զոհի մասին։