Լրահոս
Աշխարհ
13:52
05.10.22
159

105-ամյա ամերիկուհին բացել է երկարակեցության գաղտնիքը

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ 105-ամյա ամերիկուհի Ժենևյևա Ֆրիրը բացել է իր երկարակեցության գաղտնիքը Daily Gazette-ին։

Ֆրիրը երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին ընկերների և զարմուհու նեղ շրջանակում նշել է ծննդյան 105-ամյակը։ Կնոջ առողջությունը լավ է պահպանվել, նա նվազագույն քանակությամբ դեղեր է ընդունում։ Երբ նրան հարցրել են, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է, որ գրեթե ամեն օր ծովամթերքներ է ուտում։ «Մեր բարի Տերն ինձ ինչ-որ բան է տվել։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել»,- ավելացրել է Ֆրիրը։

Կինը ծնվել է 1917թ. հոկտեմբերի 3-ին Սքենեկթադի քաղաքում (Նյու Յորքի նահանգ)։ Ֆրիրի ծնողները մահացել են մինչև նրա 18 տարին լրանալը։ Դրանից հետո նրան խնամել են ավագ եղբայրներն ու քույրերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկուհին սկսել է աշխատել General Electric կորպորացիայում։ Ֆրիրի խոսքով՝ անկախ եղանակից կամ իրեն հանձնարարված աշխատանքից՝ ինքը միշտ շրջազգեստ և գուլպաներ է հագել։

30 տարեկանում կինն ամուսնացել է Քլեյթոն Վելինգթոն Ֆրիրի հետ, որի հետ ապրել է 19 տարի՝ մինչև ամուսնու մահը։ Ամերիկուհին այլևս չի ամուսնացել և մինչև հիմա իր մոտ պահում է հանգուցյալ ամուսնու լուսանկարը։

Կինն աշխատել է General Electric-ում մինչև 70 տարեկանը, իսկ թոշակ ստանալուց հետո սկսել է ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին. աշխատել է որպես կամավորական Փրկության բանակում, Նիսքեյուն քաղաքի և այլ վայրերի Տարեցների կենտրոններում։ Նա նաև օգնել է Սուրբ Կատերա Տեկակվիտի եկեղեցուն, որի անդամ է մինչև հիմա։

Վերջին ժամանակներս Ֆրիրն ապրում է հիվանդապահուհու՝ Դոննա Տուրովսկայի հետ։ Նրանք միասին թղթախաղ են խաղում և թերթեր կարդում, խաղատներ այցելում, բայց ոչ այնքան խաղալու, որքան այն բանի համար, որպեսզի զբոսնեն և ծանոթանան ուրիշների հետ։ «Ֆրիրը հիանալի մարդ է, դրական ու հոգով երիտասարդ։ Նա երբեք չի բարկանում և չի դժգոհում։ Նա պարզապես սիրում է իր կյանքը»,- ասել է Տուրովսկան։