Լրահոս
Քաղաքական
14:26
03.11.24
355

Թրամփի կողմից «Արցախ», «էթնիկ զտումներ» տերմինի կիրառմանը, Արամ կաթողիկոսի հետ շփմանը, վստահ եմ, ՀՀ իշխանությունները նյարդայնացած են հետևում. Սուրեն Սարգսյան

Img default alt hy

Վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ և վստահ եմ՝ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Իհարկե, այստեղ անթույլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն այսօր Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, մենք կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներին ու կազմակերպությունները:

Ի թիվս անծայրածիր սխալների, մեկ այլ սխալ, որ Հայաստանի իշխանություններն ու անձամբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն արել են, հանրապետականների հետ ադեկվատ հարաբերություններ կառուցելուց ամեն գնով խուսափելն է եղել: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ Թրամփը կհաղթի, թե՝ ոչ: Վերջիվերջո 2 օրից նաև Կոնգրեսի ընտրություններ են, որտեղ հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա:

Ինձ համար միևնույնն է, թե ով է հաղթելու նոյեմբերի 5-ին, վստահ եմ ցանկացած նախագահի հետ աշխատելու հորիզոններ են բացվելու: Այս ամենն ինձ հետաքրքրում է բացառապես մասնագիտական հարթության վրա: Կարծում եմ նաև, որ Հայաստանի իշխանության և Հայաստանի պետական/ազգային շահերն իրարից էապես տարբերվող երևույթներ են և, որպես այս ամենի հետևանք, ամերիկյան ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է», - գրել է միջազգայնագետը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին: