Լրահոս
Քաղաքական
21:14
06.09.22
279

Դավաճանության սինդրոմ․ զգո՛ւյշ, Ռուբեն Վարդանյան

Img default alt hy

Հովհաննես Իշխանյանը գրել է․

«Դավաճանության սինդրոմ․ Զգո՛ւյշ, Ռուբեն Վարդանյան

44-օրյա ահաբեկչությունից առաջ համոզում էինք, որ սխալ է Թուրքիայի հետ սիրո հարաբերություններ կառուցելը, հ1-ով դա գովազդելը, ցեղասպանության թանգարանի կարգախոսը կրճատելը։ Չգիտեինք, որ սրանք դավաճան են, կարծում էինք՝ դեբիլ են։
Բայց պարտադիր էլ չի, որ դավաճան լինեին այդ պահին։ Կարող են ունենալ դավաճանության սինդրոմ։

Ի՞նչ է դա։

Առանց ընկալելու հայ-թուրք/ազերական հարաբերությունների պատմական իմաստը, Թուրքիայի հանցանքի աստիճանը, առանձին-առանձին մարդկանց զգացումն ու հիշողությունը, թքել հարյուրավոր տարիներ գոյացած փաթեթի վրա, անտեսել, թե ինչ է Թուրքիայի շահը, ինչու գոյություն ունի Ադրբեջանը, բայց դնել իրենց պատմական վերին արտի ցորենի տեղ ու գեղեցկության մրցույթում լողազգեստ հագած աղջկա պես կրկնել՝ խաղաղություն, համակեցություն, ամենեցուն։

Դրանից զատ, հայ-թուրքական հարաբերությունը չի անցնում միայն հայ-թուրքական շփումներով, որտեղ Թուրքիայի շահն է միայն խաղարկվում։ Այն պայմանավորված է արևմտյան, անգլո-սաքսոնական շահերով, որտեղ արևմտյան շահը Թուրքիայի կողմն է՝ ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի և, հետևաբար, Հայաստանի։
Այժմ գործարար Ռուբեն Վարդանյանը որոշել է, որ նույնպես պետք է զբաղվի հայ-թուրքական համակեցիկ խաղաղությամբ, նա դա ասել է Ֆորբսին տված հարցազրույցում։

Կարո՞ղ է Ռուբեն Վարդանյանն այդ խաղաղության ճանապարհին ցեղասպանության ճանաչմանը հասնել, որ ես ու իմ նման միլիոնավոր հայեր՝ ողջ, թե մեռած, խաղաղվենք։ Կարո՞ղ է Արցախի ճանաչմանը հասնել։ Կարո՞ղ է վերացնել Ալիևի ու Էրդողանի ցեղասպան խասյաթը, որը թուրանականությունը ստեղծելու երազանքին հասնելու նշանակալի տարրերից է, թուրանականության երազանքի բաղկացուցիչ մաս է հայերին բնօրրանից հայաթափելը, ցեղասպանությունը ժխտելը։ Ուրեմն Ռուբեն Վարդանյանն իր խաղաղությամբ պնդում է, որ կարող է հասնել նրան, որ 500 տարվա Թուրքիան հրաժարվի իր ազգային երազանքներից ու պետական շահից, որ Թուրքիան ու Ադրբեջանը հրաժարվեն Հայաստանի վրայով Չինաստանից, Սիբիրից մինչև բալկաններ ձգվող Թուրքիայի երազանքից։

Իսկ կարո՞ղ է Ռուբեն Վարդանյանը համոզել Բրիտանիային ու Ամերիկային, որ դադարեն Հայաստանին տռամպլին սարքել, իսկ Թուրքիային ու Ադրբեջանին չագուչ Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին վերացնելու ճանապարհին։
Արժե՞ մտորել, կարող է, թե ոչ։ Իհարկե, էդպես չի լինում, ինչպես չէր կարող Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ լինել։

Իսկ ասել՝ ես գնում եմ խաղաղության, առանց այս ամենը կարողանալու հղի է դավաճանությամբ, որովհետև հայ-թուրքական հարաբերության կենսաբանությունը հայերին խաղաղության անվան տակ վերացնելն է։ Հենց ընդունում ես Թուրքիայի այդ խաղը, մի օր ինքդ քեզ անկողնում կհայտնաբերես որպես դավաճան, համարյա Գրեգոր Զամզայի պես։

Հայերի համար լավագույն ու շրջադարձային շրջանները եղել են, երբ դիմադրել են։ Օրինակ, 1918-ին, 1992-2018-ին։ Դիմադրության արդյունքում է, որ Ռուբեն Վարդանյանը անգամ այժմ կարող է Արցախում ապրել։
Եվ հետո։ Վարդանյանն ասում է, որ իր հետ հեշտ կլինի շփվել, որովհետև պատերազմի չի մասնակցել։

Ճիշտը, ճիշտ է ասում, բայց դա լավ չի, թուրքերը հենց հեշտ շփվում են այն հայերի հետ, որոնք խաղաղության անունով են խոսում, իսկ հայկական փիլիսոփայությունը, հայկական շահը վեր է հառնում պատերազմի մասնակցածի ընկալողունակությունից։

Ցանկացած երկրի շահի գիտակցման ակունքը պատերազմն է, որովհետև ընկածդ ընկերոջ անունից ես խոսում ու նրա հիշատակով ես պատկերում երկրի շահը, պատկերացնում խաղաղության ձևերը, ոչ թե գեղեցկության մրցույթում խաղաղություն բեմից խոսող գեղեցկուհու բառերով»։