Լրահոս
Քաղաքական
18:14
16.09.22
89

«Այդ հույսն ամբողջովին ի չիք է դարձել, չկա այդպիսի հույս այլևս»․ Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Img default alt hy

Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, դա մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասել է նա:

Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը՝ ստորև․

«Ազատություն». - Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ:

Արմեն Գրիգորյան. - Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված ` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել:

«Ազատություն». - Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր:

Արմեն Գրիգորյան. - Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս։ Միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:

«Ազատություն». - Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր:

Արմեն Գրիգորյան. - Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել:

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ո՞չ:

Արմեն Գրիգորյան. - Ի՞նչ առումով՝ ոչ:

«Ազատություն». - Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ:

Արմեն Գրիգորյան. - Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը: