Լրահոս
Իրավական
11:09
28.06.22
260

Ապարանի միջադեպի մասով «կրուտիտները» թափ են հավաքում

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրել է. «Հունիսի 25–ին Ապարանում կրակոցների հետևանքով մահացածների և տուժածների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել ու պահանջում էին պատասխանատվության ենթարկել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, նրա հորեղբորորդուն` Ռոման Փարվանյանին, հորաքրոջորդի Կառլեն Ղարիբյանին, ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն, որն Ապարանում հայտնի է որպես «Գռզո»:

Ակցիայի մասնակիցների համոզմամբ` նրանք ուղիղ կապ են ունեցել կատարված ոճրագործության հետ: Նրանց խոսքով` պատգամավորի եղբայրը վիճաբանության օրը ներկա է եղել փոխմարզպետ Էդգար Փարվանյանին պատկանող գազալցակայանում:

Հարազատների պնդմամբ` վիճաբանությունից մեկ օր անց փոխմարզպետի հորեղբոր որդին` Ռոման Փարվանյանը, որն Ապարանում հայտնի է որպես «հարց լուծող», զանգահարել է միջադեպի բոլոր մասնակիցներին և պարզաբանման համար կանչել գազալցակայան:

Հարազատների պնդումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք նախ՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին, ով մանրամասներից խուսափեց` ասելով միայն.

– Ես պնդում եմ, որ ո՛չ ես, ո՛չ իմ հարազատներից որևիցե մեկը կապ չունեն տվյալ դեպքի թե՛ նախորդող ու թե՛ հաջորդող հարցերի հետ:

– Ասում են, որ Ձեր եղբայրը ջնջել է տվել գազալցակայանի այդ օրվա տեսագրությունները:

– Դա գազալցակայան է, ցանկացածս կարող ենք լինել այնտեղ: Դրա տեսագրությունն էլ կա: Քննչական մարմինը կհրապարակի, ու դուք կտեսնեք, որ այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավել ևս` իմ եղբոր մասնակցությամբ:

– Իսկ փորձե՞լ եք գնալ և զրուցել սպանվածների հարազատների հետ:

– Ես շատ մեծ ցանկություն եմ ունեցել գնալու տղաների հուղարկավորությանը, բայց ինձ խորհուրդ տվեցին, որ իմ գնալը շատ ավելի կբորբոքի նրանց վիշտը, որոշ ժամանակ է պետք, որ ամեն ինչ ջրի երես դուրս գա: Մենք, վստահեցնում եմ, մեղավոր չենք այս ողբերգության մեջ:

Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը ևս չցանկացավ շատ խոսել՝ պատճառաբանելով.

– Նախ ասեմ, որ իմ հարազատ եղբոր մասին չէ խոսքը: Իմ ազգականներից մեկը եղել է միջադեպի ականատես, ով գտնվում է իրավապահների տիրույթում, չի փախել, չի խուսափել ասել այն, ինչ տեսել է: Ավելին՝ կարող եք տեղեկանալ նախաքննական մարմիններից:

– Պարոն Փարվանյան, ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Ձեր ազգականները հեռանան Ապարանից:

– Էմոցիոնալ հայտարարություններ են, ոչ ոք մեզ չի կարող նման բան ասել, այս ամենն ուղղորդված է, ինչի մասին է խոսքը: Թե ում կողմից և ոնց, պատասխանը կտա Քննչական կոմիտեն` քննության ավարտին:

– Փորձե՞լ եք հանդիպել սպանվածների հարազատների հետ:

– Իհարկե, եկեք չմանրամասնեմ, համբերենք, թող քննությունը վերջանա, ամեն ինչ կպարզվի, բոլորն էլ իրենց արժանի պատիժը կստանան: Իսկ այն մարդիկ, ովքեր իրականում հրահրել են այս ամենը, քննության ավարտին, վստահ եմ, արժանանալու են ոչ միայն քրեական պատասխանատվության, այլ նաև՝ հանրային պարսավանքի: Առայժմ այսքանը կարող եմ ասել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։