Լրահոս
Հասարակական
19:40
16.09.22
86

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է 19-ամյա Արեն Մալաքյանը

Img default alt hy

«News.am»-ը գրում է․ 

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արեն Մալաքյանը։

19-ամյա Արեն Մալաքյանը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից էր։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում պատմեց Արենի համագյուղացին, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի։

«Արենը սովորում էր Վանաձորի պետական համալսարանի Կերպարվեստի բաժնում․ ցանկանում էր նկարիչ դառնալ։ Հաճախ նկարում էր նաև նախորդ պատերազմներում զոհված տղաններին։ Արենը շատ ազնիվ, տաղանդավոր, բարի տղա էր ու շատ էր սպասում իր ծառայությանը»,- նշեց համագյուղացին։

Արեն Մալաքյանը ուներ իրենից փոքր մեկ եղբայր։ Հայրը շինարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։

Նա ծառայում էր Վարդենիսում։

Արենը զոհվել է սեպտեմբերի 14-ին։ Նա հուղարկավորվել է այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռևս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։