Լրահոս
Քաղաքական
15:26
10.11.25
2 143

Քոչարյանը պարզաջրեց պատերազմի ընթացքը, թե ինչքան մեծ դավադրություններ են տեղի ունեցել. Գագիկ Ասատրյան

Img default alt hy

Քոչարյանի հարցազրույցը միատարր հարցազրույց չէր, ինչպես նաև թացը չորից տարբերելու պահ կար, որը վերաբերում էր Արցախյան հիմնահարցին: Այս մասին «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Գագիկ Ասատրյանը.

«Քոչարյանի հարցազրույցում խոսույթ կար, թե՛ արտաքին քաղաքական դերակատարների մասին և նրանց հետաքրքրությունների՝ մասնավորապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի, խոսույթ կար նաև ներքին լսարանի մասին, որն իր մեջ ներառում էր հանրային համերաշխության դոկտրինը ու հանրային համերաշխության թեզը: Այն միատարր հարցազրույց չէր, ինչպես նաև թացը չորից տարբերելու պահ կար, որը վերաբերում էր Արցախյան հիմնահարցին. Քոչարյանը պարզաջրեց պատերազմի ընթացքը, թե ինչքան մեծ դավադրություններ են տեղի ունեցել: 

Ամենակարևոր բանն այն էր, որ արցախյան խոսույթից հետո նիկոլականները միանգամից սկսեցին տարածել թեզեր, թե իբր Ռոբերտ Քոչարյանը սատարում է Ալիևին, այսինքն՝ պաշտպանում է Ալիևին, երբ ասաց, որ Փաշինյանն արել է ամեն ինչ, որ Ալիևը հարձակվի Արցախի վրա, դրան հաջորդեց նիկոլականների հարձակումները: Ուզում եմ շեշտել, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը անվերապահորեն իրականացրել են այնպիսի քաղաքականություն, կիրառել են այնպիսի քաղաքական խոսույթ, դիտավորյալ կերպով փչացրել են հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ միայն ու միայն մեկ բանի համար. Որպեսզի սպասվելիք պատերազմում հայկական գործոնը չկարողանա աշխատել, դաշնակիցների գործոնը չկարողանա աշխատել և հնարավոր լինի պատերազմի բեմականացման միջոցով Ալիևին հանձնել ամբողջ Արցախը: 

Դա Փաշինյանը հետագայում ինքը հաստատել է, որ ի սկզբանե Արցախը համարում էր Ադրբեջանի անբաժանելի մաս, ինչը ինքը հաստատեց Վիեննայում, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում ներքին լսարանին հրամցրեց, որ Արցախը Հայաստանի վզին գցած ինչ-որ թոկ էր, որն անընդհատ խեղդամահ էր անում, և միայն Արցախի կորստի գնով էր հնարավոր ձեռք բերել Հայաստանի ինքնիշխանությունը: Նման քաղաքական խոսույթ ունեցող ղեկավարը չի կարող լինել հայրենասեր, չի կարող հանդիսանալ Արցախի շահերի պաշտպան: Հստակ ու աներկբա է, որ Փաշինյանին բերած հզոր ուժերը նրա վրա խաղադրուք էին կատարել նախ և առաջ Արցախը հանձնելու հետ կապված և հետո «Զանգեզուրի միջանցքը» թուրական աշխարհին նվիրելու համար»,- ասաց Ասատրյանը: