Լրահոս
Առողջապահական
11:30
15.03.23
147

Կարմիր մսի չարաշահման հետևանքները․ ինչպե՞ս բալանսավորել սննդակարգը

Img default alt hy

Վիճակագրության համաձայն՝ տարեկան կտրվածքով ամենաշատը միս է սպառվում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։ Դիետոլոգների կարծիքով, մսի չափից շատ օգտագործումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Հարվարդի համալսարանի հանրային առողջության և սնուցման պրոֆեսոր Ուոլթեր Ուիլեթը մսի չարաշահումից առաջացող հիմնական առողջական խնդիրն է համարում սիրտ-անոթային հիվանդություններն ու 2-րդ տիպի շաքարախտը։ Ըստ սննդագետի, հատկապես վնասակար է կարմիր միսը, այսինքն՝ խոշոր եղջերավորների, խոզի կամ գառան միսը, գրել է Aysor.am-ը։

Կարմիր միսը հարուստ է հագեցած ճարպերով, որոնք բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը և հանդիսանում սրտի հիվանդությունների առաջնային պատճառ:

Կարմիր միսը հանգեցնում է նաև սրտաբանների շրջանում բազմիցս քննարկված հայտնի ռիսկի գործոնի՝ տրիմեթիլամինային օքսիդ կամ կարճ՝ TMAO-ի ավելացմանը: Ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է զարկերակներում խոլեստերինի և այլ ճարպերի շատ կուտակմանը՝ աթերոսկլերոզի:

Համաձայն 2019 թվականին ԱՄՆ-ում անցկացված հետազոտության՝ աթերոսկլերոզի առաջին նշանները նկատելի են դառնում կարմիր մսի առատ սպառումից հետո՝ օրական երկու չափաբաժին: Հետազոտողները նաև ենթադրում են, որ կարմիր մսի օգտագործումը խաթարում է երիկամների աշխատանքը:

Մեկ այլ հետազոտության արդյունքում Ուիլեթը և գործընկերները կապ են հայտնաբերել խորոված կամ տապակած մսի և շաքարախտի բարձր ռիսկի միջև:

Տարբեր հետազոտությունների համաձայն էլ, քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը կապված է կարմիր և վերամշակված մսի, այդ թվում՝ երշիկեղենի, խոզապուխտի և սալյամիի չափից ավելի օգտագործման հետ:

Երկար ժամանակ սննդագետները պնդում են, որ միսը առողջ սննդակարգի անբաժանելի մասն է։ Սա ճիշտ է այն տարածաշրջաններում, որտեղ դժվար է աճեցնել բանջարեղեն և հատիկաընդեղեն և որտեղ մարդկանց համար հիմնականը կենդանական մսի մեջ պարունակվող սննդանյութերն են: Առողջ մնալու համար պետք չէ ամբողջությամբ հրաժարվել մսից և կենդանական ծագման այլ մթերքներից, սակայն միայն դրանցով սնվել ևս չի կարելի. Սննդակարգը պետք է լինի բալանսավորված, պարունակի հատիկաընդեղեն և սոյա, բանջարեղեն, որոնք ևս սպիտակուցի լավ աղբյուր են: Բանջարեղենը հարուստ է սննդային մանրաթելերով և ֆիտոքիմիկատներով, որոնք նվազեցնում են սրտի հիվանդությունների, շաքարախտի և գիրության վտանգը: