Լրահոս
Իրավական
11:30
13.03.23
179

Իրանից ներմուծվող ապրանքն իրական անվանումներով չէր հայտարարագրել. ՊԵԿ բացահայտումը

Img default alt hy

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է ոչ իր անվամբ:

5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։ Տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքները բացթողնվելուց հետո, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ:

Արդյունքում հիշյալ բեռնատարները կանգնեցվել են, և այդ տրանսպորտային միջոցներում առկա նյութերից վերցվել են փորձանմուշներ և նյութերի իրական բաղադրակազմը պարզելու նպատակով նշանակվել է նյութագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար, այլ հանդիսացել են գազօյլ, ինչը՝ որպես հավելյալ բաղադրանյութ, օգտագործվում է դիզելային վառելիքի բաղադրության մեջ:

Տնտեսավարող սուբյեկտն, ապրանքներն իրական անվանումներով չհայտարարագրելով, խուսափել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մաքսային և վճարների վճարումից։

Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Դեպքին առնչվող նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։