Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
05.11.24
146

Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին բազմիցս խոսվել է: Ցավոք սրտի, ՀՖՖ ներկա ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետևանքով հայկական ֆուտբոլը թերևս գտնվում է պատմական ամենացածր նիշի վրա. գրեթե անդադար պարտություններ են կրում բոլոր տարիքային խմբերի հավաքականները, իսկ ազգային թիմը հազիվ է կարողանում ոչ ոքի կորզել նույնիսկ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում:

Մելիքբեկյանի և նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանի կողմից իրականացրած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ֆեդերացիայի նախագահի հրաժարականն են պահանջում ոլորտի կարևոր խաղացողները՝ «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ» ակումբները, հավաքականի «ՖԱՖ» և «Կարմիր արծիվներ», «Արարատ Արմենիա», «Շիրակ», «Ուրարտու» ակումբների երկրպագուները և բազմաթիվ անհատներ:

Ֆեդերացիայում տիրող իրական վիճակի մասին կարելի է դատել թեկուզ միայն այն փաստով, որ ուրբաթ օրը որոշ փոքր ակումբներ տեղադրեցին տեքստ, իբրև թե սատարում են Մելիքբեկյանին, իսկ տեքստը մի քանի անգամ փոխվեց, քանզի այնտեղ կային, օրինակ, «ՆՈԱ» և «Արարատ Արմենիա» ակումբների անունները, որոնք հետո հանվեցին: Ստացվում է՝ ծանրակշիռ ակումբներից ոչ մեկը չի ուզում պաշտպանել այս մարդկանց:

Մեզ փոխանցում են, որ իշխանական վերնախավում ևս, կարծես թե, հակված են հեռացնելու անդադար խնդիրներ ստեղծող ու դրա դիմաց որևէ արդյունք չտվող Մելիքբեկյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի անգամ դիմում է գրել, որը կանխել է ֆեդերացիայի իրական ղեկավար ընկալվող Արմեն Նիկողոսյանը: Ի դեպ, կիրակի օրը պետք է սպորտային ալիքներից մեկով եթեր հեռարձակվեր Արմեն Նիկողոսյանի հարցազրույցը. դրա մասին նախապես հայտարարվել էր, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց և փոխարենը ցուցադրվեց երկուշաբթի երեկոյան:

Մենք բազմաթիվ անգամներ գրել ենք ՀՖՖ-ում տեղ գտած արատավոր ու արտաքնապես հանցակազմ պարունակող երևույթների մասին, բարձրաձայնել ենք ծնողների կողմից արված բողոքները, սակայն ՀՖՖ ներկա ղեկավարը, ով նախկին լրագրող է, կառույցը դարձրել է շատ փակ, ու հնարավոր չէ որևէ տեղեկություն ճշտել:

Հ.գ. Հանուն հայկական ֆուտբոլի առողջացման մեկնարկած բողոքի ակցիաները գնալով ծավալվում են, դրան ներգրավվում են նորանոր մարդիկ. մեզ փոխանցում են, որ պետական կառույցներում ևս առկա է անհանգստություն, ու սա այն դեպքում, երբ հասարակությունն ընդամենը արդյունք է պահանջում, և չկա քաղաքական հարց: Տարիներն անցնում են, ու արդյունք այդպես էլ չկա, ավելին՝ խայտառակ վիճակ է 14-ից 21 տարեկանների հավաքականներում, որոնց պարտությունների և խայտառակ հաշիվների մասին խոսել ենք: Մեր աղբյուրները պնդում են, որ ֆանատական շարժումներն ու ակումբները տրամադրված են խիստ վճռական ու գնալու են մինչև վերջ՝ ընդհուպ մինչև ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանի մոտ ակցիայի իրականացում ու եվրոպական լրատվամիջոցների ուշադրության հրավիրում՝ Հայաստանում ստեղծված «հակաֆուտբոլային» վիճակին. սա իրականում ազգային իմիջի հարց է, ու բոլորը պետք է պայքարեն հանուն ազգի, ոչ թե անձնական շահի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: