Լրահոս
Առողջապահական
20:45
15.03.23
224

Ավագ դպրոցում մասնագիտության ընտրության խնդիրը. խորհուրդներ՝ հոգեբանից

Img default alt hy

Մերօրյա ժամանակներում ավագ դպրոցի աշակերտների շրջանում նկատվում է ապագա մասնագիտությունն ընտրելու միտում՝ կախված տվյալ մասնագիտության հեղինակությունից, շրջապատի ազդեցությունից և ծնողների կարծիքից։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ «հեղինակություն» բառը շատ դեռահասների կողմից կարող է ընկալվել  որպես հետագայում բարձր եկամուտ ունենալու երաշխիք:

Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ՝ հասկանալու աշակերտների հոգեբանական առանձնահատկություններն ու մասնագիտության ընտրության վրա ազդող հիմնական գործոնները։

«Խորհրդատվական պրակտիկայում հաճախ հանդիպում է այն փաստը, որ ավագ դպրոցի աշակերտները, ընտրելով իրենց ապագա մասնագիտությունը, հաշվի չեն առնում ոչ իրենց հետաքրքրությունը կոնկրետ մասնագիտության նկատմամբ, ոչ իրենց անհատական ​​կարիքները և ոչ էլ անձնական որակները»,- նշեց հոգեբանը:

Մասնագետի խոսքով, ավագ դպրոցի աշակերտների կողմից մասնագիտություն ընտրելով ( չունենալով սեփական կյանքի փորձ) շատ երիտասարդներ դիմում են իրենց ծնողներին, ովքեր ևս փորձում են ուղղորդել երեխային՝ հիմնականում կարևորություն տալով ապագա մասնագիտության ֆինանսական բաղադրիչին, ինչը սխալ մոտեցում է:

«Ապագայում բարձր եկամուտներ խոստացող մասնագիտությունների նկատմամբ նկրտումների գերակայությունը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով ներքին իրողությունները, սակայն չպետք է մոռանալ, որ սիրելի մասնագիտությամբ և գործով չզբաղվող մարդը երբեք չի կարող երջանիկ լինել և, հետևաբար, չի կարող օգտակար լինել նաև հասարակությանը»,- մանրամասնեց հոգեբանը։

Դեռահասության շրջանում ապագա մասնագիտության ընտրության հարցում կարևոր ու որոշիչ կարող է լինել նաև ընկերոջ կամ ընկերուհու կարծիքը:

«Մեր իրականության մեջ հաճախ կարելի է նկատել, որ դպրոցն ավարտելիս երիտասարդները ձգտում են մեկ բուհ ընդունվել՝ «ընկերության համար», շարունակել լինել միասին նաև նոր միջավայրում։ Այս մոտեցումը ևս սխալ է, կարծում եմ, որ յուրաքանչյուր ծնող պետք է գրագետ ուղղորդի երեխային՝ ասելով, որ տարբեր բուհերում սովորելով էլ վերջիններիս ընկերությունը չի տուժի և, ընդհակառակը, նրանք հնարավորություն կունենան միմյանց հետ կիսելու իրենց նոր փորձառությունն ու հնարավորությունները»,- ասաց Հարությունյանը։

Ավագ դպրոցի աշակերտների մոտ մասնագիտության մասին պատկերացումները հաճախ ձևավորվում են նաև հեռուստասերիալներ և գեղարվեստական ​​ֆիլմեր դիտելով: Մասնագիտությունների նման ընկալման մեջ որոշակի դեր է խաղում նաև հասարակությունը՝ դեռահասներին պարտադրելով որոշակի կարծրատիպեր։

«Հաճախ երիտասարդները «անօգնական են» այս դաշտում և դժվարությամբ են  ընտրում ոչ միայն իրենց ապագա մասնագիտությունը, այլև ուսումնական հաստատությունը։ Չնայած ինտերնետ ռեսուրսների գլոբալ օգտագործմանը, ավագ դպրոցի աշակերտները չգիտեն, թե ինչպես փնտրել և օգտագործել դրանք անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

Այստեղ նույնպես կարևորվում է ծնողի կամ խնամակալի, ավագ ընկերոջ և, իհարկե, ուսուցչի դերը, որոնց խոսքը ոչ միայն կարող է ուղղորդել, այլև շատ դեպքերում նաև մոտիվացնել»,- ասաց մասնագետը։

Այսպիսով, ժամանակակից դեռահասների կողմից մասնագիտական ​​ուղու ընտրությունը հաճախ կարող է սխալ ուղով ընթանալ և արդեն համալսարանում հանգեցնել հիասթափության և մասնագիտության նկատմամբ հետաքրքրության կորստի։ Հետագայում բուհն ավարտելուց հետո էլ այս երիտասարդները չեն ցանկանա կամ չեն կարողանա աշխատել իրենց ոլորտում։

Նման խնդիրներից խուսափելու համար հոգեբան Մերի Հարությունյանը ավագ դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին խորհուրդ է տալիս՝

անցկացնել համակարգված զրույցները (սկսած տարրական դպրոցից),

կատարել կանոնավոր այցելություններ քոլեջներ և բուհեր,

տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ հրավիրելը դպրոցներ,

երեխայի հետ լինել անկեղծ և բաց՝ թույլ տալով վերջինիս ազատ արտահայտել իր մտքերն ու խոսել ցանկությունների մասին։

Զրույցի վերջում հոգեբանն առանձնացրեց մի կարևոր կետ՝ այն է դպրոցական հոգեբանի խորհրդատվությունը, ով կարող է մասնագիտական ​​կողմնորոշում կատարել և տալ բարձրորակ առաջարկություններ, որոնք հետագայում կօգնեն որոշել մասնագիտության ընտրությունը: