Լրահոս
Հասարակական
23:50
16.09.22
152

23-ամյա Գոռ Ասատրյանը 6 զինվորի հետ կռվել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետևանքով Վարդենիսում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկում սեպտեմբերի 14-ին զոհվել է լեյտենանտ Գոռ Ասատրյանը։

Գոռ Ասատրյանը Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից էր, ուներ մեկ եղբայր և մեկ քույր։

Լճավանի գյուղապետ Լյովա Գևորգյանը «News.am»-ի հետ զրույցում պատմեց, որ 23-ամյա Գոռը տան ավագ զավակն էր։

Գոռի եղբայրը ծառայում է Սիսիանում, ռազմական գործողությունների ժամանակ նա էլ Սիսիանում է կռվել։

Գոռ Ասատրյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, նշանակվել էր Քարվաճառում վաշտի հրամանատար, մասնակցել է 44-օրյա պատերազմին։

«Իր վաշտի 6 զինվորի հետ մարտնչել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ։ Հերոսական պայքար է մղել, հերոսի մահով ընկել։ Ժպիտը դեմքին, բարի, լավ անձնավորություն էր։ Շատ բան է արել բանակի համար, հայրենիքի իսկական զինվոր էր»,- պատմեց Լյովա Գևորգյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռևս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։